Yerevan, 17.November.2017,
--
:
--
,

«Առաջին հայ մարդը, ով բարձրացրեց բանակ ունենալու հարցը և իր ջոկատը կոչեց «բանակ», Լեոնիդ Ազգալդյանն էր». Գագիկ Գինոսյան (ֆոտոշարք)

Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թ. նոյեմբերի 22-ին Կամոյից Թբիլիսի տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում: Իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես Արցախի ազատամարտի հետ կապած և արցախյան հողում ընկած հայրենիքի նվիրյալ զինվորը, ով հայտարարեց «Սա Հայաստան է և վերջ» ու մինչև կյանքի վերջին րոպեն խելամտորեն պայքարեց այդ գաղափարի համար, այդպես էլ մինչ այսօր չի արժանացել Ազգային հերոսի կոչման (հետմահու միայն պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով):

Ինչպես տարիներ առաջ իր հոդվածում գրել է Արցախյան ազատամարտի մասնակից, Ազգային պարարվեստի գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանահավաք, գրող, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, «պալատական որոշումներով չէ, որ տրվում են հերոսի կոչումներ. հերոսի կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, և այդ որոշման տակ կնիք է դնում ժամանակը»:

Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73-ամյակին ընդառաջ «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից «Ազգային գաղափար» խորագրով կրթական-ճանաչողական ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-ին կազմակերպված դասախոսության ժամանակ Գագիկ Գինոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Լ. Ազգալդյանը որևէ զինվորական կոչում չուներ, որովհետև Հայաստանում չկան նման ուսադիրներ, որոնց արժանի էին նրա ուսերը և չկա որևէ մեկը, ով արժանի է նրան հերոսի կոչում շնորհելուն.

«Ո´չ Գագեգին Նժդեհը, ո´չ Կոմիտասը կոչումի կարիք չունեն, կոչումը նրանց մանրացնում է: Ժողովրդի կողմից նա ուղղակի ստացավ «Լեոնիդ» կոչումը և դրանից բարձր բան նրան պետք չէր: Իսկ մենք այդպես էլ կարոտ մնացինք Լեոնիդ Ազգալդյանի նման վճռական զորավարի, մարդու, ով համարձակորեն Արցախի մասին կհայտարարեր՝ սա Հայաստան է և վերջ: Ցավոք, ինչ-որ մարդիկ միայն այստեղ` Երևանում են կարողանում նման բառեր արտասանել, իսկ նա և նրա նմաններն արյան գնով սրբացրեցին երկար ժամանակ սմբակների տակ մնացած հողը»,- նշեց բանախոսը:

Գ. Գինոսյանը շեշտեց, որ Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, ով կարողացավ կանխատեսել 1988թ. միտինգների ընթացքը. նա մի պահ հայտնվեց Ազատության հրապարակում, որտեղ դեռևս ուսանող Գագիկ Գինոսյանը շատ-շատերի հետ նստացույց էր անում` ծիծաղելի հույսով, որ եթե մի քիչ էլ ավելի բարձր գոռան, մի քիչ էլ շատանան, Մոսկվան հաստատ տեղի է տալու և վերադարձնելու է Արցախը, բայց ձեռքը թափ տալով հեռացավ՝ մարգարեաբար կանխատեսելով, որ այդ ամենը զինյալ պայքարի էր վերածվելու և պետք էր պատրաստվել պատերազմի: «Խորհդային տարիներին շատ քչերը կարող էին հանդգնություն ունենալ մտածելու, որ երկու խորհրդային «եղբայրական» ազգերի միջև կարող է պատերազմ լինել կամ Սովետական միությունը՝ փլուզվել, իսկ Լեոնիդը ոչ միայն մտածեց այդ մասին, այլև բարձրաձայնեց: Նա առաջինն էր իր ընկերների` իմ անմիջական հրամանատար Ալեքսանդր Թամանյան կրտսերի և Կարեն Գրիգորյանի հետ, որ հայ իրականության մեջ ձեռնամուխ եղավ զենքեր ստեղծելու գործին: Շատ մարդիկ ծաղրում էին նրանց այդ գործունեության համար, բայց ադրբեջանցին հասկացավ, որ հայը, ի տարբերություն իրենց, ունի մտավոր պոտենցիալ և դրա շնորհիվ ունի նաև զենք»,- նշեց Գ. Գինոսյանը:

Դառնալով Լ. Ազգալդյանի արմատներին՝ Գ. Գինոսյանը նշեց, որ նրա հայրը Կոմկուսի առաջին քարտուղարն էր՝ շատ հետաքրքիր ու խիստ մարդ. «Եթե նա տանը ծաղիկներ էր տեսնում և իմանում էր, որ իրենից ցածր պաշտոնյայի կին է նվիրել իր կնոջը, պահանջում էր հետ վերադարձնել, և նրա խոսքը քննարկման ենթակա չէր: Նա իսկական կոմունիստ էր, ով իսկապես կոմունիստական գաղափարախոսության նվիրյալ էր, ոչ թե այն վայ կոմունիստներից, ովքեր քանդում, ավիրում, լափում էին մեր երկիրը: Զարմանալի չէ, որ նման մարդուց Լեոնիդի պես որդի պիտի ծնվեր: Լեոնիդն ուներ խիստ դաստիարակություն, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական օժտվածություն: Ավելի քան վստահ եմ, որ դա էր պատճառը, որ նա այսօր կենդանի չէ, որովհետև բարոյական հանճարը ներելի չէ: Հնարավոր է ներել ֆիզիկական, մտավոր հանճարը, բայց նրա բարոյական հանճարը աչք էր ծակում` նրան դարձնելով եզակի ու տարբերվող: Նա բարձրակարգ լողորդ էր և ջրագնդակի լավագույն մարզիկ: Խորհրդային միության մասշտաբով համամիութենական մրցույթում հաղաթանակ տոնած ջրագնդակի միակ հայկական թիմի ավագն էր, իսկ ամենատղամարդկային, անքակտելի ընկերությունը ձևավորվում է երկու սպորտաձևում` ջրագնդակում և ռեգբիում: Ջրագնդակը մեծ առնականություն պահանջող սպորտաձև է, և նման թիմի ավագ լինելն արդեն շատ բան է նշանակում»,- պատմեց նա՝ հավելելով, որ այդ տարիներին նաև շատ բարդ էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան ընդունվելը, և Հայաստանից ամեն տարի միայն մեկ-երկու երիտասարդ էր ընդունվում այդ համալսարան. «Նա շատ հեշտությամբ ընդունվեց Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Լրջագույն և կայացած ֆիզիկոս էր: 1968թ-ին եկավ հայոց գարունը՝ մեր հայրերն Ազատության հրապարակում փորձեցին առաջին ցույցերը կազմակերպել Արցախի վերամիավորման համար, որոնց կազմակերպիչը Լեոնիդն էր Մոսկվայից, և դա, ինչպես նաև մոր հիվանդությունը պատճառ դարձան, որ նա երկրորդ կուրսից վերադարձավ Հայաստան և ուսումը շարունակեց Երևանում»:

Լ. Ազգալդյանը, Գ. Գինոսյանի հավաստիացմամբ, մարգարեաբար շատ բան է կանխատեսել, ինչպես օրինակ՝ Աղդամի ազատագրման սխեման է շշնջացել Գիժ Դավոյի ականջին, իսկ 1989թ-ին արդեն առաջ է քաշել այն միտքը, որ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ իրատեսական կդառնա այն դեպքում, երբ Քարվաճառի մարզը վերահսկելի լինի հայ զինվորի կողմից: Լ. Ազգալդյանը մեծ ռազմավար էր և հասկանում էր՝ ինչպես կարելի էր ֆրոնտալ լուծումներ գտնել: Հետագայում նրա առաքելությունը շարունակեց Մոնթեն, ով մոտավոր կանխատեսել էր հայկական և ադրբեջանական ուժերի փոխհարաբերակցության այսօրվա գիծը, կանխատեսել էր, թե որ դեպքում կկարողանանք թշնամուն խաղաղություն պարտադրել, ինչի մասին այսօր որոշ մարդիկ խոսում են որպես իրենց շնորհի, և խոսում են մարդիկ, որոնք, Գ. Գինոսյանի խոսքով, այն ժամանակ կոմսոմոլիկներ էին և այսօր էլ շարունակում են այդպիսին մնալ, մարդիկ, որոնք այդ հզոր կերպարներին խանգարելուց զատ ոչնչով չեն օգնել, բայց հաղթանակի վաստակը վերագրում են իրենց:

«Առաջին հայ մարդը, ով բարձրացրեց բանակ ունենալու հարցը և իր ջոկատը կոչեց «բանակ», Լեոնիդն էր՝ վստահ լինելով, որ առանց կանոնավոր և հզոր բանակի Հայաստանի անկախությունը հնարավոր չի լինի պահպանել, որ բոլոր հաղթանակները կվերածվեն զրոյի, եթե դրանց թիկունքում կանոնավոր բանակ կանգնած չլինի: Հետո, իհարկե, այլ մարդկանց վերագրվեց բանակաշինության գործը»,- ընդգծեց բանախոսը և խոսեց նրա «կուսակցական» պատկանելության մասին. «Երբ Աշոտ Նավասարդյանը հայտնեց, որ պատրաստվում է Հանրապետական կուսակցությունը ստեղծել, Լեոնիդը հայտարարեց, որ զինվոր է և չի պատրաստվում կուսակցական լինել, առանձնացավ և ստեղծեց Ազատագրական բանակը, որի միակ հիմնադիրն էր և գերագույն գլխավոր հրամանատարը մինչև մահը: Նա վերկուսակցական գործիչ էր, և, ինչպես ասում է Գարեգին Նժդեհը, իրական հերոսներն իրենց ի ցույց չեն դնում և ի հայտ են գալիս իրական վտանգի ժամանակ: Կարգապահությունն ու գաղափարախոսությունը դարձան Լեոնիդի բանակի 2 հիմնաքարերը»:

Լ. Ազգալդյանը ռուսական կրթություն ուներ, երբեմն խմում էր, նաև ծխում, բայց առաջին սկզբունքը, որի առաջին կատարողը հենց ինքն էր, ջոկատում չծխել-չխմելն էր: Գ. Գինոսյանի խոսքով, ամենահզոր կարգապահություն ունեցող սովետական որևէ զորամիավորում կնախանձեր այն կարգապահությանը, որն ուներ Լ. Ազդալդյանի Ազատագրական բանակը: Մյուս կարևոր հանձնարարությունը, որ նա տվել էր իր զինվորներին, այն էր, որ երբեք չպետք է զենքն առանց տիրոջ թողնեին, անգամ քնած ժամանակ, անգամ զուգարան գնալիս. զենքը կա´մ զինանոցում պետք է լիներ, կա´մ զինվորի ձեռքին:

Գ. Գինոսյանը պատմեց մի դեպք, որին անձամբ ականատես չի եղել, բայց շատ է լսել դրա մասին. «Լեոնիդը շատ հեռվից նկատում է, որ իր բանակի ամենահզոր տղաներից մեկը՝ Սլավիկը, ով 2 մետր բարձրություն ուներ, ծխում է, և կանչում է իր մոտ: Սլավիկը, հասկանալով, որ «բռնվել է», ձեռքում ճզմում է վառվող ծխախոտը, գցում է գետնին, նոր միայն մոտենում է հրամանատարին: Լեոնիդն առանց ավելորդ ջղաձգության, ինչը նրա հզոր կերպարի անբաժանելի մասն էր, հանգիստ ասում է՝ հանձնի´ր զենքդ: Սլավիկի՝ իրեն ներելու բոլոր խնդրանքներն իզուր են անցնում, որովհետև Լեոնիդն ասում է՝ քեզ ներում շնորհելը նշանակում է ջոկատի բոլոր անդամներին մեկ ներում արտոնել: Բայց քանի որ Սլավիկն Արցախից էր և նրան իր հայրենի գյուղը պաշտպանելու համար զենք էր պետք, Լեոնիդը տղաներից մեկին հրահանգում է հրացան նվիրել Սլավիկին: Սլավիկը վերցնում է հրացանը և հեռանում: Այդ դեպքից հետո նրա ջոկատում այլևս ոչ մեկ չխախտեց կարգապահական կանոնները»:

Լ. Ազգալդյան իր Ազատագրական բանակով ազատագրել է 27 բնակավայր` տալով 6 զոհ. «Պարզվում է՝ հնարավոր է նաև այդ կերպ: Հետագայում մեկ տասնյակ գյուղ ազատագրած ինչ-որ գեներալներ, որոնք թնդանոթի միս էին դարձնում իրենց զինվորներին, պետք է գլուխ գովեին, որ, 1000-2000 զոհ տալով, գյուղեր են ազատագրել: Կոմանդոսը Լեոնիդի 60-ամյակին նվիրված միջոցառմանը խոստովանեց, որ երբ գծել է մարտերից մեկի գծագիրը, Լեոնիդը նրան հրահանգել է ջնջել և նախագծել այնպես, որ գրեթե բացառվի որևէ մեկի զոհվելու հավանականությունը, որովհետև նա ասում էր, որ կամավորագրված, Հայաստանի պաշտպանությանը ելած զինվորն ամենամեծ հարստությունն է, որ ունի Հայաստանը, և որևէ բնակավայրի ազատագրում չի կարող արդարացնել նրանց զոհաբերությունը»,- նշեց Գ. Գինոսյանը՝ ընդգծելով, որ Լ. Ազգալդյանը երբեք թույլ չէր տալիս կռվի դաշտ մտնել ձգանի տեղը չիմացող տղային, ով պատրաստ չէր մարտի:

Արցախյան ազատամարտի մասնակից Գ. Գինոսյանը լավ հիշում է, որ պատերազմի դաշտում տարբեր կուսակցությունների, միավորների ջոկատներ էին կռվում, և հանկարծ պարզվում էր, որ ինչ-որ մի ջոկատ գնացել է հարձակման և շրջափակման մեջ է ընկել, որովհետև նրա թիկունքը հսկող մյուս ջոկատն իր կուսակցության ղեկավարությունից նահանջի հրաման է ստացել. «Կուսակցական այդ խաղերի պատճառով տղերքն էին զոհվում, իսկ նրանք մարդիկ չէին, տիեզերական երևույթներ էին, որ ելել էին ազգի խաչը կրելու, բայց այդ տղերքի վայը գալիս էր, որովհետև ինչ-որ մեկն իր ջոկատ նահանջելու հարաման էր տալիս: Երբ այս կուսակցական կռիվների պայմաններում մի արտասահմանցի լրագրող Լեոնիդին հարցնում է, թե նա ինչ «գույնի» է, Լեոնիդը մի բուռ հող է վերցնում և պատասխանում է՝ ահա իմ գույնը: Մեր տղաների արյան գնով ազատագրված այդ հողն արդեն 25 տարի է՝ հպարտության գույն ունի, բայց եթե անգամ մեկ թիզ հանձնենք այդ հողից, հողն էլ, մեր դեմքերն էլ ամոթի գույնով են պատվելու»,- շեշտեց բանախոսը՝ հավելելով, որ դավաճան է նա, ով կարող է առանց պատերազմի հետ վերադարձնել մի թիզ հողակտոր. «Որևէ մեկն իրավունք չունի այլ լուծում տալ Արցախյան հարցին, քան տվել են այն տղերքը, ովքեր պառկած են Եռաբլուրում: Լուծումն ավելի քան ճշգրիտ է տրված արդեն»:

Լ. Ազդալդյանի այն խոսքը, թե «եթե գան ու ասեն, որ ես զոհվել եմ, ընկել եմ, չհավատա´ք, ես Իստամբուլի պատերի տակ եմ ընկնելու», Գ. Գինոսյանը ուտոպիստական չի համարում. «Նա շատ լավ գիտեր, որ այն տարիքում չէ, որ տեսնի Թուրքիայի անկումը, բայց նրա խոսքը պատգամ էր երիտասարդ զինվորներին՝ հասկանալու համար, որ իրենց հետ Լեոնիդի ոգին պիտի տանեն Իստամբուլի պատերի տակ կռվելու: Յուրաքանչյուր կայսրություն էլ ի վերջո փլուզվում է, համոզված եմ, որ գալու է նաև Թուրքիայի փլուզումը, և հարց է՝ մեր հայրենիքին մե՞նք ենք տիրանալու, թե՞ Քրդստան է դառնալու կամ Ասորեստան, կամ Պարսակաստանն ու Վրաստանն են մեր հայրենիքի հաշվին իրենց տարածքներն ընդլայնելու: Մենք պետք է պատրաստ լինենք մարտահրավերին»,- համոզմունք հայտնեց մտավորականը:

Լ. Ազգալդյանի շուրջ աստիճանաբար մի այնպիսի մթոլորտ էր ձևավորվում, որ բոլոր նրան հարազատ մարդիկ գիտեին՝ երկար չի ապրելու, իսկ քույրը երազում էր, որ պատերազմը շուտ ավարտվեր և նա տուն վերադառնար, որովհետև գիտակցում էր, որ եղբայրը «չափն անցել է». «Բոլորը գիտեին, որ տարբեր ընդհարումներ էին եղել ղեկավարների հետ. նա երբեք չէր հայհոյում, բայց գրագետ բառերով ցանկացած հայհոյանքից վատ էր վիրավորում: Լեոնիդը հրաժարվեց ենթարկվել ՀՀՇ-ին և միայն իր Ազատագրական բանակով ամբողջ Մարտակերտի շրջանն էր պահում: Նա հայտնի վիդեոյի մեջ էլ է ասում` ամեն ինչ կարող ենք ձեռք բերել, բացի զենք-զինամթերքից. 2-3 ամիս, պահպանելով ոչ մեկ կիլոմետր տարածք, նրա միավորումը ո´չ զինամթերք էր ստանում, ո´չ սնունդ, և Լեոնիդը ստիպված էր նաև իր զինվորների կեցության հարցը հոգալ… Երանի, որ նա զոհվեց մարտադաշտում դարանակալ գնդակից, ոչ թե խաղաղ օրերին դարանակալ տեղակալից: Վստահ եմ, որ նախապես որոշված էր նրա մահը, և նա էլ գիտեր այդ մասին: Դրա վառ ապացույցն այն է, որ սպանվելուց 2-3 օր առաջ իր ամենամտերիմ 3 տղաներին աննշան պատճառներով Արցախից ուղարկեց Հայաստան՝ փրկելով նրանց վերահաս վտանգից»,- ներկայացրեց Գ. Գինոսյանը և հիշեց մի կնոջ հուշ, ով, Երևանում հանդիպելով Լ. Ազգալդյանին, նրան ասել է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մնար և Հայաստանից շարունակեր իր կռիվը, ինչին Լ. Ազգալդյանը պատասխանել է` ուզո՞ւմ եք ասֆալտի վրա սպանեն ինձ. «1992թ. հունիսի 21-ին Լեոնիդը մի վարորդի հետ, ով առաջին անգամն էր իր հետ, գնում է դիրքերը ստուգելու: Տոնաշեն գյուղի մոտ՝ ծառերի հետևում, երեք հոգու է նկատում, մեքենան հետ են տալիս, և մինչ նա ձեռքը կտաներ նռնակին, սպանվում է առաջին իսկ գնդակից, որին հաջորդում են նաև ստուգողական կրակոցներ: Այդ գեղեցիկ, հզոր, առյուծակերպ տղամարդու դեմքն այլանդակել էին, և թաղման ժամանակ նրա գլուխն ամբողջովին փաթաթված էր: Նրա զենքն էլ չէին վերցրել, որովհետև բոլորը ճանաչելու էին, թե դա ում է պատկանել»:


«Մարդկային իմ տեսակը չի հեգնել,
Ես կյանքում երբեք որևէ մեկին չհեգնեցի,
Բայց, այնուամենայնիվ, կուզենայի կյանքում գեթ մեկ անգամ հեգնել,
Հեգնել, երբ մահը ինձ հյուր գա,
Նայել մահվան աչքերի մեջ և հեգնել մահը,
Հեգնել մահը… Այդպես է ծնվում անմահությունը»,- Լ. Ազգալդյանի մասին գրված բանաստեղծությունը կարդաց Գագիկ Գինոսյանը և, զսպելով հուզմունքը, պատմեց մի դեպք, որի միջոցով ամբողջովին հառնում է նրա հերոսկան կերպարը. «Մեքենայով ընթանալիս Լեոնիդը նկատում է, որ երկնքում արծիվ է ճախրում, կանգնեցնում է մեքենան և իջնում է զինվորների հետ: Տղաներից մեկն արծվին կրակելու համար զենքը բարձրացնում է վեր, Լեոնիդն իջեցնում է նրա զենքը և հանգիստ ասում է` երբեք ոչ մեկի ճախրանքը չընդհատե´ք և չմոռանա´ք, որ այդ թռչունը մեր զինանշանի վրա է թռչում…

Նրա ճախրանքը, ցավոք, ընդհատեցին, բայց վստահ եմ, որ մահը ուշացավ, որպեսզի կարողանար նրանից խլել անմահությունը, որ նա իրավամբ վաստակել էր և ճախրանքը, որ շարունակվում է նաև այսօր. նա կճախրի Հայոց երկնակամարում, քանի դեռ կան նրա գաղափարախոսությունը կրող տղերքը: Նա հզոր մարդ էր, և մահը չէ, որ նրան պետք է հաղթեր, բայց փոքր մարդիկ չէին հանդուրժելու նրա բարոյական հանճարը, քանզի ոչ մի բլուր չի հանդուրժում ստվերը, որն Արարատից ընկնում է իր վրա: Մենք այսօր Լեոնիդի կողմից վաստակված երկիրը տեսակ չունեցող հայերին պարտվելու իրավունք չունենք»:


Անի Ռափյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan