Քրդերեն լեզվի և գրականության երեք նոր դասագրքերը բարձր գնահատականի են արժանացել. Ալիխանե Մամե

Հանրակրթական դպրոցների համար քրդերեն լեզվի և գրականության երեք նոր դասագրքեր են ստեղծվել, որոնց հեղինակն է ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Ալիխանե Մամեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ 2015-16 ուսումնական տարում մուտք գործած քրդերեն նոր դասագրքերը հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
«Հրատարակվել են «Քրդերեն լեզու.կուրմանջի» 5-9-րդ և «Քրդերեն լեզու և գրականություն» 8-րդ և 9-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերը: Դրանցով անցնում են շաբաթական 3-4 ժամ»,-տեղեկացրեց Ալիխանե Մամեն` հավելելով, որ դասագրքերը փորձաքննության են ենթարկվել:
Խոսելով դասագրքերի բովանդակության մասին` Ալիխանե Մամեն նշեց, որ փորձ է արվել ընդգրկել մեր թվարկությունից առաջ և մինչև մեր օրերը ներառող քրդական գրականությունը:
«Հայ գրողները, պատմիչները, որոնք անդրադարձել են քրդերին, ևս տեղ են գտել դասագրքերում: Արդեն մուտք են գործել դպրոց, աշակերտների, ուսուցիչների, մտավորականների կողմից շատ բարձր գնահատականի են արժանացել: Շնորհանդեսն եղել է Ալագյազում: Դասագրքերը ստեղծելու համար մեկ տարի պահանջվեց»,-նշեց նա:
Մամեի հավաստմամբ` «Սպիկա» հրատարակչությունում տպագրված նոր գրքերը էականորեն տարբերվում են խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված դասագրքերից: Առաջին անգամ փորձ է արվել ըստ ժամանակագրության ամբողջացնել քրդական գրականությունը` սկզբնավորման շրջանից մինչև մեր օրերը: