Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

«Չեմ կարող խաղալ ինքնանպատակ` պարզապես խաղացածս դերերի ու բեմադրությունների ցանկը լրացնելու համար». Արթուր Էլբակյան

Երջանկությունն այն չէ, թե ինչքան ես սիրում կամ ինչքան են քեզ սիրում, այլ այն, որ հասկանում ես՝ ով ես դու: Իսկ դա հասկանալու համար պետք է խորանաս քո մեջ, ինչը երբեմն շատ ցավոտ է լինում, բայց առանց դրա հնարավոր չէ ապրել: Կարևորն ամենադժվար պահին չչարանալն է. այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ և մեր շուրջը, մեր մտքերի, մեր ձեռքի գործն է, դրա համար էլ շատ մեծ զգուշություն է հարկավոր: Հենց ամենագլխավոր հարցին՝ «ով եմ ես»-ին իր նոր՝ «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացմամբ փորձել է պատասխանել բեմադրիչ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, հեռուստալրագրող, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը: Ներկայացման պրեմիերան կայացել է նյույորքյան թատրոններից մեկում՝ Theatre row-ում, հոկտեմբերի 13-ին United solo փառատոնի շրջանակում: Ներկայացման մեծ հաջողության շնորհիվ նույն բեմում հոկտեմբերի 19-ին կայացել է դրա հավելյալ ցուցադրությունը: Ա. Էլբակյանը ներկայացման մեջ կատարում է մի մարդու դեր, ով իրեն հայտնաբերում է հոգեբուժարանում, որտեղ էլ զարգանում են հիմնական իրադարձությունները: Իր մոտ ընկերներից և դաշնակիցներից դավաճանված հերոսը սկսում է վերլուծել կյանքը, սերը, ատելությունը՝ զուգորդումներ կատարելով մերօրյա կյանքի և շեքսպիրյան օրերի միջև: Արդյունքում՝ հերոսը գալիս է այն եզրակացության, որ ժամանակի ընթացքում մարդկային հարաբերություններն ու արժեքները չեն փոխվել: Ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես անհատը, հայտնվելով ամենադժվարին կացության մեջ, այնուամենայնիվ ապրելու, սիրելու և ստեղծելու համար կամքի ներքին մեծ ուժ է գտնում:

- Պարո՛ն Էլբակյան, 20 տարվա ընդմիջումից հետո որոշեցիք բեմ բարձրանալ, այն էլ` մոնոներկայացմամբ, ո՞րն էր պատճառը: Ասելի՞քն էր շատ կուտակվել:

- Ձեր հարցի մեջ արդեն կա պատասխանը: Նկարչությունը, կինոն, գիրքը, թատրոնը ինքնաարտահայտման միջոցներ են: Եթե կուտակում չկա, եթե  ասելիք չունես, ապա չես նկարի, չես բեմադրի, չես գրի: Ես իմ խառնվածքով այդպիսին եմ: Չեմ կարող խաղալ կամ բեմադրել հենց այնպես, ինքնանպատակ, որպեսզի լրացնեմ խաղացած դերերի ու բեմադրությունների ցանկը: Անպայման հարկավոր է դադար, բայց այդ  դադարը շատ պայմանական է: Դադարի ընթացքում, միևնույն է, ստեղծագործում եմ: Դադարն ուղղակի հարկավոր է ասելիքը ձևավորելու համար: Վերջապես, այդ դադարն անհրաժեշտ է նոր հանդիպման ճիշտ վայրն ու ժամանակը որոշելու համար: Երբ այդ ամենը հանդիպեցին մի կետում, և ինձ համար պարզ դարձավ տեղն ու վայրը, ես վերադարձա բեմ: Իսկ թե ինչո՞ւ մոնոներկայացմամբ, ապա կարող եմ ասել, որ պատճառները մի քանիսն էին, բայց կարևորը և որոշիչը եղավ այն, որ ես Ձեր նշած կուտակում ապրելու ժամանկահատվածում գրեցի պիես: Դա համընկավ մոնոներկայացումների համաշխարհային փառատոնին մասնակցելու առաջարկ ստանալու հետ, և ես որոշեցի բեմադրել ու խաղալ այն: Եվ հետո, ես ինձ չէի փորձել մոնոթատրոնի ժանրում: Որոշեցի և հաջողվեց:

- «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացման պրեմիերան կայացավ նյույորքյան բեմում: Ինչպե՞ս տեղեկացաք փառատոնի մասին և ինչո՞ւ որոշեցինք հենց այնտեղ ներկայացնել ձեր բեմականացումը:

- Ամերիկյան գործընկերներիցս մեկը հուշեց մասնակցել փառատոնին: Նա գիտեր իմ պիեսի մասին: Եվ քանի որ պիեսը տպագրության համար արդեն թարգմանվել էր անգլերեն, ես այն ուղարկեցի փառատոնին և ստացա մասնակցության հրավեր: United Solo-ն աշխարհի խոշորագույն մենակատարների թատերական փառատոն է և, բացի ԱՄՆ-ից, այն  անցկացվում է նաև Եվրոպայում: Այս տարի փառատոնի համար հոբելյանական էր. այն նշեց իր 5-ամյակը՝ նախորդ տարվա համեմատ 5 անգամ ընդլայնելով իր ծավալները: Փառատոնի շրջանակում 6 աշխարհամասերից շուրջ 130 ներկայացումներ բեմականցվեցին Theatre Row-ում: Կարելի է ասել՝ հոբելյանը ստացվեց:

- Փառատոնին մասնակցությունն ինչքանո՞վ եք կարևորում, այն ի՞նչ տվեց Ձեզ:

- Փառատոնին մասնակցությունն իսկապես կարևոր էր ինձ համար, քանի որ Նյու-Յորքում` նման հեղինակավոր փառատոնի շրջանակում, տեղի ունեցավ իմ վերադարձը բեմ: Փառատոնն իսկապես ինձ շատ բան տվեց: Նոր ծանոթություններից, աշխարհի տարբեր թատերական հոսանքներ ներկայացնող արվեստագետների հետ շփվելուց բացի,  փառատոնն ինձ օտար հանդիսատեսին և փառատոնի մասնակիցներին հայ թատրոնի և հայերեն լեզվի հետ ծանոթացնելու հնարավորություն ընձեռեց: Փառատոնի շնորհիվ նաև ճանաչելի դարձա օտարազգի հանդիսատեսին և թատերական գործիչներին, ստացա միջազգային շուկայում աշխատելու ու բեմադրություններ անելու հրավերներ:

- Ինչո՞ւ «Իմ խելագար Շեքսպիրը», Ձե՞ր մեջ եք Շեքսպիրին տեսնում, թե՞ շրջպատում եք գտնում նրա կերտած կյանքն ու կերպարները:

- Ինձ համար մեզ շրջապատող բոլոր մարդիկ շեքսպիրյան հերոսներ են: Նրանց ապրած ճակատագրերը շատ նման են Շեքսպիրի կերպարների ճակատագրերին: Հավատացե´ք, մեր կյանքը շատ է շեքսպիրյան: Ուղղակի դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Բայց իզուր, քանի որ Շեքսպիրի գործերում կան կյանքում մեզ հուզող հարցերի պատասխանները:

- Ձեր ներկայացման առանցքը մարդն է և նրա ինքնաճանաչման ուղին: Դուք գտե՞լ եք ինքներդ Ձեզ հասկանալու բանաձևը:

- Կարևորն այն է, որ մարդը չհեռանա ինքն իրենից: Մենք ամեն օր պետք է լսենք ինքներս մեզ, խոսենք ինքներս մեզ հետ և լինենք անկեղծ մեր պատասխաններում: Եվ որքան էլ դաժան լինեն այդ պատասխանները, պետք է լսենք: Պարտավոր ենք լսել: Երբեք չեմ ընդունել ինքդ քեզ հետ փոխզիջումների գնալու գաղափարը: Կարևորը հասկանալն է, թե ինչի համարս ես ծնվել և ինչի համար ես ապրում այս աշխարհում:

- Ո՞րն է խելագար և իսկական աշխարհների սահմանը: Ի՞նչ է պետք մարդուն այդ աշխարհներում չմոլորվելու և իր առաքելությունը գտնելու համար:

- Ըստ իմ հերոսի, «վաղուց  արդեն ջնջվել է գծված սահմանը խելամիտ մադու ու խելագարի միջև»: Չմոլորվելու համար մի ճանապարհ գոյություն ունի՝ Աստված, հավատն առ Աստված: Հավատա´, և նա  կհուշի՝ որն է քո առաքելությունը: Հավատալ Աստծուն և ճանաչել ինքդ քեզ. ուրիշ գաղնիք չկա:

- Ի՞նչն եք համարում կյանքի շարժիչ ուժը և որո՞նք են Ձեզ համար ամենաառաջնային արժեքները:

- Կյանքի շարժիչ ուժը եղել է ու կմնա սերը: Սերն ամեն ինչ է, սիրո թեման՝ հավերժ: Մեր կյանքի հիմքը հենց սերն է: Իսկ կյանքի ամեաառաջնային արժեքները գրված են Աստվածաշնչում: Իմ սահմանադրությունն Աստվածաշունչն է:

- Ինչքանով տեղյակ եմ, իրականում պիեսը կազմված է երեք մասից, ե՞րբ են բեմ բարձրանալու պիեսի մյուս մասերը: Դրանք նախորդի տրամաբանական հաջորդականությո՞ւնն են լինելու, թե՞ պարզապես անկախ պատմություններ են` իրար կապված միայն ներքին, անտեսանելի կապերով:

- Ճիշտ եք, պիեսը երեք մասից է կազմված: Բայց այն գրված է այնպես, որ կարելի է բեմադրել և´ մաս-մաս, և´ երեքը՝ միասին: Հիմա մի քանի երկրից պիեսը նրանց մոտ բեմադրելու առաջարկներ եմ ստացել: Ոմանք ուզում են բեմադրել երեք մասով, ոմանք՝ երկու: Կարևորն այն է, որ պիեսը և ասելիքը դրանից չի տուժում: Այնպես որ՝ ընտրությունն իրենցն է:

- Երկար տարիներ է` ապրում եք Հայաստանից դուրս, բայց, կարծում եմ, հետևում եք Հայաստանում տեղի ունեցող մշակութային տեղաշարժերին: Ի՞նչ եք կարծում, մասնավորապես թատերական ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծվո՞ւմ են:

- Չեմ ուզում որևէ գնահատական տալ այս կամ մշակութային ոլորտում կատարվող իրադարձություններին, քանի որ գնահատակններ տալու համար հարկավոր է լինել տեղում, տեսնել, մասնակցել և նոր միայն խոսել: Իսկ հեռվից ես ունեմ միայն տեղեկություններ, այն էլ՝ ոչ ամբողջական: Իհարկե, ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, բայց միշտ կապի մեջ եմ ընկերներիս հետ և անկեղծ ուրախանում եմ նրանց հաջողություններով: Ուրախ եմ իմ ընկեր և համակուրսեցի Սամսոն Ստեփանյանի և նրա ղեկավարած երիտասարդ թատերախմբի հաջողությամբ Ռուսաստանում կայացած փառատոնում: Ուրախ եմ իմ ընկեր Արթուր Սահակյանի «Ռիչարդ 3-րդ»-ի համար: Ուրախ եմ, որ Ղափլանյանի անվան թատրոնը մասնակցել է Ռումինիայում անցկացվող փառատոնին: Սրտանց բոլորին հաջողություններ եմ մաղթում:

- Առաջիկայում ին՞չ ստեղծագործական նորությունների սպասենք Ձեզանից:

- Թվեմ միայն այն, ինչ արդեն որոշակի է: Շուտով իմ գրած սցենարով, երեք երկների  (ԱՄՆ-Ուկրաինա-Վրաստան) մասնակցությամբ և Ռուսաստանի հեռուստաալիքներից մեկի պատվերով, նկարահանվելու է բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար: Հույս ունեմ, որ ես էլ կնկարահանեմ ֆիլմը: ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում տեղի է ունենալու իմ կտավների ցուցահանդեսը: Եվ հիմա ընթացքի մեջ են «Իմ խելագար Շեքսպիրի» հիման վրա ֆիլմ նկարահանելու բանակցություններն ամերիկյան խոշոր պրոդյուսերական խմբի հետ, և առաջարկը եղել է ամերիկյան կինոարտադրողների կողմից: Ինչպես նաև սպասեք իմ գրած գրքի գինեձոնին:

- Իսկ «Իմ խելագար Շեքսպիրը» Հայաստան բերելու նպատակնե՞ր ունեք:

- Ձեր առաջին հարցին պատասխանելիս ես ասացի, որ կարևոր է նոր հանդիպման համար ճիշտ վայրն ու ժամանակը որոշելը: Կարծում եմ՝ այդ օրը կլինի: Առա´ջն Աստված:

Արթուր Էլբակյանը ծնվել և ուսում է ստացել Երևանում: Ընդունվել է ՍՍՀՄ Ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրս: 1981-1991թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում, թատրոնի և կինոյի բեմադրիչ մասնագիտությամբ։ 25 տարեկանում արդեն խաղացել է իր երազած գրեթե բոլոր դերերը: 90-ականների սկզբերին ստեղծել է իր՝ «13» թատրոնը, ինչպես նաև առաջին Ջազ ակումբը: Թատրոնը հաջողությունների է հասել շատ փառատոների ժամանակ: 1996թ. Ա. Էլբակյանն ընկերների հետ հիմնել է «Ար» հեռուստաընկերությունը: Այնուհետև նա մեկնել է ՌԴ և դարձել Կրասնոյարսկի նահանգապետ Ա. Լեբեդի խորհրդատուն: Ապրելով Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ Ա. Էլբակյանը խաղացել է 30-ից ավելի թատերական առաջատար դերեր, հեղինակել է շատ հեռուսանախագծեր: Վերջերս Լոս Անջելեսի կինոփառատոնում Ա. Էլբակյանը ստացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակը:

Հարցազրույցը՝ Անի Ռափյանի

loading...
Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում Կատալոնիան չի ընկրկի «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց ՉԼ. Օրվա խաղերի անոնս Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan