Yerevan, 25.April.2019,
--
:
--
,

Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes

Երբ թույլատրելի չէ շատ բան իմանալ իրենց բնույթով, մտածելակերպով, մարդկային որակներով ինքնատիպ, երբեմն աներևակայելիորեն եզակի այդ մարդկանց՝ հատուկ պատրաստություն անցած հայ հետախույզների մասին, հաճախ սահմանափակվում ենք ընդամենը նրանց գործունեությունը մասնակիորեն լուսաբանող վավերագրական ֆիլմեր դիտելով, գրքեր կամ, նույնիսկ, նրանց սխրանքներից ընդամենը մի փոքրիկ դրվագ ներկայացնող պատմվածք ընթերցելով: Սակայն երևակայության թռիչքը մեզ նետում է փակ վարագույրի հետևում տեղի ունեցած բազմազան իրադարձությունների հորձանուտ, որտեղ իրականի ու երևակայականի սահմանները նշմարվում են հիմնականում մարդկային հնարավորությունների մասին ունեցած մեր պատկերացումներով, որոնք էլ, հաճախ, նույնիսկ կաղապարում են իրական հերոսների սխրանքների անհավանական ծավալները:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գիրքը տեսանելի է դարձնում բացառիկ հետախույզ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր վարչության հատուկ  գործողությունների բաժնի պետ, ԽՍՀՄ ՊԱԿ հետախուզական-դիվերսիոն հատուկ դպրոցի (Կուպավնայի դպրոց) շրջանավարտ, գնդապետ  Ջոն Հանիսյանի (անունը փոխված է) արտասովոր կյանքի՝ թույլատրելիության սահմաններում ներկայացված որոշ դրվագներ։ Սա,  մեր իրականության, համեմատաբար անհայտ ոլորտին՝ հետախուզությանը վերբերող թվով երրորդ գիրքն է, որը, ինչ-որ չափով լույս է սփռում այս ոլորտի իրենց գործի իսկական գիտակների կյանքի ու գործունեության վրա: Լավ է, որ այսպիսի գործեր կան, և դրանք ընթերցելով կարողանում ենք ճանաչել նման խիզախ ու հայրենասեր մարդկանց: Այստեղ տեղին է նկատել նաև հեղինակի նախորդ երկու՝ «Ռեզիդենտը», (2004թ) և «Մենակը», (2013թ) գրքերի դերն ու նշանակությունը մեր իրականությունում։ Բանն այն է, որ այդ՝ հիրավի եզակի հնարավորությունների տեր մեր ժամանակակիցների մասին գրքեր գրելը կամ ֆիլմեր նկարելը բացառապես մեր սերնդի պարտականությունն է։ Տարիներ անց նրանց գործունեությանն անդրադառնալը մի շարք անորոշությունների բացահայտման դժվարին գործն իրականացնելու տեխնիկական արգելքն էլ է ունենալու։ Նաև ա՛յս իմաստով է նմանատիպ գործերի ձեռնարկումը կարևոր հե՛նց մեր օրերում։ Ներկայացնել մարդկանց, որոնք անասելի զոհաբերությունների են գնում Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործում, և, գերադասում են աննկատ մնալ, ու երբևէ չբարձրաձայնել իրենց գործողությունների մասին, քանի որ դա բխում է պետության անվտանգության շահերից:

«Թակարդ»-ը  մոտավոր պատկերացում է տալիս երկրի համար ճակատագրական, երբեմն էլ անելանելի իրավիճակներում հայ հետախույզի համարձակ որոշումներ կայացնելու, դրանք ժամանակին ու անթերի իրագործելու  զարմանալի ունակության մասին: Կուպավնայի դպրոցն, անշուշտ, պրոֆեսիոնալիզմի իր մակարդակը թելադրում է։ Մնացածը հենվում է մարդու ներքին ազատության ու հայրենասիրության խորը գիտակցումի վրա, որն էլ, իր հերթին, գրեթե կատարելության է հասցնում նրա մտավոր ու ֆիզիկական կարողությունները: Իսկ ամենակարևորը մեր հերոսի՝ իր պայքարի արդարացիությանը հավատալն է․ «․․․Եթե հաջողությանը չհավատանք, քայլեր չձեռնարկենք, հույսներս կորցնենք, տանուլ կտանք ամեն ինչ։ Իսկ մենք կարո՛ղ ենք հաղթել այս վերջին ճակատամարտում․․․»։

Սա այն դեպքն է, երբ  ժանամակ չկա իրական հնարավորություններդ գնահատելու, պետք է գործել անթերի, խոցել անվրեպ և ժամանակին հեռանալ՝ առանց որևէ հետք թողնելու: Համալիր մտածողության տեր մարդը, հաճախ, ժամանակի սղությունից գերլարվածության մեջ գտնվելով՝ ստիպված գործում է  բնազդի թելադրանքով: Որևէ զգուշավորություն չպետք է արգելակի մեր նորօրյա հերոսի թռիչքի անհավանական թվացող բարձրությունն ու հարվածի շեշտակիությունը: Ահա այս վստահությամբ է, որ իրողություն են դառնում անիրականանալի թվացող երևույթները: Գուցե այլ պարագայում չկարողանար գործել այդպես սառնասիրտ ու ճշգրիտ, բայց գաղափարը տիրել էր իր ողջ էությանը և արդեն պատրաստ է սխրանքի՝ արագ ու անվրեպ: Հաճախ իրարամերժ զգացողությունների խառնաշփոթը չքանում է այն վեհ գիտակցումի առաջ, ինչը անդիմադրելիորեն նրան մղում է սխրագործության: Իրեն պետք չեն փառքեր, գովեստներ, մեծարանքներ: Նա վեր է այդ՝ սովորական մահկանացուների համար ընդունելի վիճակներից։ Իր ունեցածը դրանից վեր մի այլ իրականություն է, ուր բոլորովին ուրիշ կանոններով է կյանքը, ուրիշ օրենքներով է ամբողջությունը` իրականություն, ժամանակ, զգացողություն… Միայն իրեն են լսելի ներքին համակարգի ազդակները, որոնք վստահություն են ներշնչում, թե տվյալ ծրագրի իրականացումն իր հնարավորությունների տիրույթում է: Հենց ա՛յս ներշնչանքի շնորհիվ է մի ամբողջ զորքի գործողություններ կատարել, և ո՛չ մի ձախողում, ո՛չ մի մարդկային կորուստ՝ բարդագույն, անհնարին թվացող իրավիճակներում։ Եթե Պարույր Սևակի խոսքով ասեմ՝ հանճարեղությունը հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը:

Հատուկ պատրաստություն անցած հայ հետախույզներն իրենց ճշգրիտ հաշվարկված գործողություններով, կանխավ ընտրված թիրախների ոչնչացմամբ, սովորաբար կանխում են մեծ ավերածություններն ու մարդկային բազմաթիվ կորուստները։ Դասը հրաշալիորեն սերտած մեր հերոսը, հավատարիմ իր սկզբունքներին, գործում է՝ բացառապես թիրախ ունենալով հակառակորդին զենք-զինամթերք, պայթուցիկ սարքավորումներ և վառելիք մատակակարող փոխադրամիջոցները, բայց ո՛չ երբեք անմեղ մարդկանց։

Նախադեպը չունեցող գործողություն էր նաև Հայաստանում զինվորական պատրաստվածության դասընթացների կազմակերպումն ու անցկացումը։ Իր  համակուրսեցիների՝ բացառիկ պրոֆեսիոնալների Հայաստան գալու առաջին պայմանը գաղտնիությունն էր։ Պատերազմական թոհուբոհի մեջ զինվորական համապատասխան պատրաստվածություն և հմտություններ չունեցող հայ կամավորներին ռազմական գործողություններում «պիտանի» դարձնելու մտադրությամբ, Ջոն Հանիսյանը նրանց մասնակցությամբ կազմակերպում է վարժանք-դասընթացներ՝ իր համակուրսեցիների ղեկավարությամբ։  Սա շատ համարձակ և, գրեթե անհավանական թվացող որոշում էր, սակայն հայ հետախույզի խելացի ծրագրված օպերացիան իրականություն դարձավ ու մեծամբ նպաստեց մեր ազատամարտիկների կերտած պատվաբեր ու դժվարին հաղթանակի ձեռքբերմանը: Վստահաբար կարող ենք փաստել, որ մեծ հայրենասերին, իրական հերոսին վայել պահվածք է՝ ուսանելի ու դրվատանքի արժանի։

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է արարման մեջ գտնել ինքնաիրացման բանալին։ Իսկ հայրենասիրությունը յուրաքանչյուրն իր մեջ է կրում, և ներմուծելու փորձը հաճախ անօգուտ, անպտուղ զբաղմունք է։  Սակայն, նմանօրինակ նվիրյալների մասին բարձրաձայնելը, մի տեսակ, հոգու պահանջ է շատերի համար, իսկ մյուսների համար կարող է դառնալ ամենօրյա սերտելի դաս:

Բացառիկ հետախույզ Ջոն Հանիսյանի արտասովոր, չափազանց դժվար ու պատասխանատու, վտանգներով ու անորոշություններով լեցուն կենսագործունեության որոշ դրվագներ այնուամենայնիվ ներկայացված են այս գրքում։ Դա մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող հայ մարդու  հերոսական կյանքի պատմությունն է, ներառված են նաև  անհավանական թվացող, բայց հավաստի քաջագործություններից որոշ դրվագներ, որոնց իրական արժեքը գնահատելու և այսօրինակ հոգեբանությամբ անհատներ դաստիարակելու կարևորության գիտակցումը մեզանում աստճանաբար ձևավորվում է:   Իսկ ամենագլխավորը  գիտակցաբար գործելու համոզմունքն է, որը մարդուն դարձնում է իր գործի անմնացորդ նվիրյալը։ Ջոն Հանիսյանի դեպքում դա շատ հստակ է ձևակերպված. «Հայրենիք կոչվածը շատ տարողունակ ու բազմաշերտ աղոթարան է… Մնացածի հերն էլ անիծած»:

 

Շուշանիկ Սահակյան

armtimes.com

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan