Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Զգուշացում ունենք. խնդիրը պետք է «վերևներում» լուծվի


ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր հարցազրույցում խոսել էր այն հիմնական խոչընդոտի մասին, որը Հայաստանի ամենամեծ մարտահրավերն է: Ըստ դեսպանի՝ երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ իրենց հնարավորություններն ու լծակներն իրենց շահերին են ծառայեցնում՝ անարդար միջավայր է ստեղծվում. «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ ՀՀ–ի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը երկիրը առևտրի և ներդրումների համար գրավիչ դարձնելու»: ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույնպես օրեր անց իր գնահատականն էր տվել: Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամների» կազմակերպած հանդիպմանը նա նշել էր, որ ՀՀ–ի կայուն տնտեսական զարգացման համար խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչի հետևանքով երիտասարդ և տաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դեսպանների մեսիջները պարզ են:
«Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանն այս անգամ ավելի էր կոնկրետացրել իր խոսքը՝ ըստ էության, ասելով, որ կոռուպցիան «վերևից» է գալիս: Նա չէր նկարագրում այն, ինչը բնորոշ է կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներին, երբ «վերևները» մաքուր են, բայց հնարավոր է՝ միջին օղակներում ինչ–որ կոռումպացված պաշտոնյաներ լինեն: Մենք, փաստորեն, զգուշացում ունենք, ըստ որի՝ կա կոռուպցիա, որն առավել վտանգավոր է: Դա այն է, երբ կան որոշակի խմբեր, որոնք բիզնես շահեր ունեն: Իսկ որպեսզի բիզնես շահերը չտուժեն, և իրենք մնան մոնոպոլ վիճակում, խանգարում են թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան ներդրողներին: Հիմնական մեսիջն այն է, որ խնդիրը պետք է «վերևներում» լուծվի: Ուրիշ խնդիր է, թե որքանով է հնարավոր, որ «վերևներն» իրենք իրենց դեմ պայքարեն, ինչպես եղավ, օրինակ, Սինգապուրում: Ասել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ճիշտ չէ, բայց այն քիչ հանդիպող երևույթ է: Իսկ ավելի տարածված ու ճիշտ օրինակը նորմալ ընտրությունների միջոցով վերնախավերի փոփոխությունն է, ինչի հնարավորությունը ՀՀ–ում ես առայժմ չեմ տեսնում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վ. Հոկտանյանը:


Իսկ թե ԱՄՆ դեսպանն ինչո՞ւ ավելի կոնկրետացրեց իր խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. «Ի վերջո, նրանք շփվում են տեղական ու արտասահմանցի պոտենցիալ ներդրողների և գործարարների հետ: Երբ Պետդեպից բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, նրանք նույնպես շփվում են գործարարների հետ: Փակ հանդիպումների ժամանակ, բնականաբար, գործարարներն ավելի անկեղծ են ներկայացնում իրավիճակը: Իսկ երբ դա համընկնում է այլ ուսումնասիրությունների և արդյունքների հետ, ստիպում է դեսպանին նման հայտարարությամբ հանդես գալ»:

Գաղտնիք չէ, որ թե՛ ԱՄՆ–ն և թե՛ միջազգային մի շարք կառույցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությանը ֆինանսական օժանդակություն են հատկացնում: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այս հայտարարություններին կհետևե՞ն պատժիչ քայլեր, որոնք կենթադրեն օժանդակության որոշակի նվազեցում, Վ. Հոկտանյանը պատասխանեց. «Սա նախազգուշացում է, որ ԱՄՆ–ն գոհ չէ իրավիճակից:
Ադյուհանդերձ՝ բացի կոռուպցիայի մակարդակից, նման պատժամիջոցները շատ ավելի մեծ գործոններ են ենթադրում: Այս դեպքում միակ բանը, որը կլինի, այն է, որ դժվար թե մեծացնեն այդ օժանդակությունը: Առավել ևս՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սկսում է կոռուպցիայի դեմ պայքարի 4–րդ ռազմավարության մշակման աշխատանքները: Այս համատեքստում թե՛ պարոն Միլսի, թե՛ Պ. Սվիտալսկու մեսիջները հնարավոր է, որ առնչվեն հենց այդ 4–րդ ռազմավարությանը: Մասնավորապես՝ թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձվի: Ի վերջո, կա այն մտայնությունը, որ մոնոպոլիզմը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը այն հիմնարար և արմատական պատճառներն են, որոնք ՀՀ–ում բերում են համակարգային կոռուպցիայի:

Իհարկե, միայն այս հանգամանքները չեն, կա նաև դատական համակարգի անկախության բացակայության պատճառը, կան նաև այլ գործոններ: Եթե մենք իսկապես ուզում ենք կոռուպցիան իջեցնել այնպիսի մակարդակի, որ այն այլևս համակարգային ու վտանգավոր չլինի ազգային անվտանգության համար, պետք է տնտեսական մոդելը փոխվի: Սպասել, որ նման տնտեսական մոդելով կոռուպցիան կնվազի, հնարավոր չէ: Բայց մի կարևոր բան կա՝ բացակայում է այդպիսի բարեփոխումներ անելու քաղաքական կամքը»:



Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan