Վրաստանում ավազակային հարձակման ենթարկված գործարար Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման ենթարկված գործարար, ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից՝ նշելով. «Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև դուրս գրվի։ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Ինչպես տեղեկացրել էր «Նովոստի Գրուզիի» լրատվական գործակալությանը, այս մասին հաղորդել է «Ռուսթավի 2»-ը:
Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:
Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին, այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել: