Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Անկանխատեսելի Արմենակը. մահացել է հայ ամենատիտղոսավոր բասկետբոլիստը

 


Քառասուն օր առաջ  Կանադայում իր մահկանացուն կնքեց ամենատիտղոսավոր հայազգի  բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը։ Արմենակ Ալաջաջյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947-ին հայրենադարձվել է հայրենիք։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, սկսել հանդես գալ Ֆիզկուլտինստիտուտի ՖԻՄԱ բասկետբոլային թիմում և … նվաճել բասկետբոլի աշխարհի համակրանքը՝ արժանանալով բազմաթիվ տիտղոսների, մեդալների ու գավաթների։

… Արմենակ Ալաջաջյանը որպես բասկետբոլիստ կայացավ և փայլեց Մոսկվայի ԲԿՄԱ թիմում, ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ Նա ութ անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթը, արժանացել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի։ Փայլել է  նաև որպես մարզիչ՝ մարզելով հարազատ ԲԿՄԱ թիմը։ Նա կրում էր Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետի և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները։

Հիրավի, հազվադեպ երևույթ էր Արմենակ Ալաջաջյանը բասկետբոլում։ Իսկական կախարդ էր խաղահրապարակում։ Նրա անկանխատեսելի քայլերը հաճախ խուճապ էին առաջացնում մրցակցի բանակում։ Նրա խաղը հիացմունք էր պատճառում ոչ միայն մարզասերներին  ու մասնագետներին։ Նրան բարձր էին գնահատում նաև մրցակից թիմերի խաղացողներն ու մարզիչները։ Դրա վառ վկայությունն  էին այն ջերմ ծափողջույնները, որոնցով Արմենակին դիմավորում էին անգամ մրցակցի դաշտում։ Բերեմ հիշարժան մի դեպք, որը տեղի ունեցավ 1964 թվականին Մոսկվայում՝ ԽՍՀՄ և ԱՄՆ ազգային հավաքականների հանդիպման ժամանակ։ Ալաջաջյանը մի հնարանք կատարեց, որը տարիներ առաջ կատարել էր Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ» թիմում խաղալու ժամանակ, բայց նման մակարդակի հանդիպումներում երբեք չէր կիրառել։ Եղավ մի պահ, երբ նրա բոլոր խաղընկերները «փակված էին», խաղը շարունակելու ոչ մի ելք չկար։ Այդ ժամանակ Արմենակը գնդակը նետեց դեպի մրցակցի վահանակը և մինչ զարմացած մրցակիցները հետևում էին գնդակի թռիչքին, առաջինն ինքը հասավ գնդակին և այն անմիջապես փոխանցեց արդեն հարմար դիրքում հայտնված խաղընկերոջը։ Ամերիկացիների մարզիչ Ջոն Մակլեդոնը երկար հոտնկայս ծափահարում էր Արմենակին, իսկ մրցակից թիմի պահեստային խաղացողները, որոնք խաղադաշտ էին դուրս գալիս, առաջին հերթին մոտենում էին Արմենակ Ալաջաջյանին, սեղմում նրա ձեռքը կամ խփում ուսին՝ այդպիսով արտահայտելով իրենց հիացմունքը նրա հնարամիտ հնարքի նկատմամբ։

Արմենակ Ալաջաջյանը աչքի էր ընկնում իր կայծակնային արագությամբ։ Երբ խաղադաշտում էր 6 համարը (պետք է ասել, որ  Արմենակ Ալաջաջյանը 6 համարի համազգեստ էր հագնում բոլոր այն թիմերում, որտեղ հանդես է եկել՝ Երևանի ՖԻՄԱ, Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ», ԲԿՄԱ,  ԽՍՀՄ ազգային հավաքական, Մոսկվայի հավաքական, խորհրդային բանակի հավաքական), խաղի տեմպը նկատելիորեն բարձրանում  էր։ Նա դանդաղկոտություն չէր հանդուրժում։ Արմենակը ստիպում էր «վազել» թե՛ իր խաղընկերներին, թե՛ մրցակիցներին։ Եվ բոլորից շատ դրանից տառապում էին նրա բարձրահասակ խաղընկերները՝ Ախտաևը, Տկաչենկոն, մյուս կենտրոնական հարձակվողները։

Արմենակ Ալաջաջյանին խաղադաշտում առաջին անգամ տեսել եմ  1953 թվականին, Թբիլիսիում, որտեղ տեղի էր ունենում Խորհրդային Միության հերթական առաջնությունը։ Մասնակիցների մեջ էր նաև Երևանի ՖԻՄԱ-ն, որը Երևանում կայացած նախորդ առաջնությունում գրավել էր ութերորդ տեղը։ Այն ժամանակ ես խաղում էի Թբիլիսիի «Պատանի դինամոյական» թիմում, և մեր մարզիչ Եվգենի Աբայիշվիլին մեզ համար մշտական տոմսեր էր բերել։ Խաղերին գնում էինք ամբողջ թիմով, ուշադրությամբ հետևում էինք խորհրդային բասկետբոլի մեծերի ելույթներին։ Այսօրվա պես հիշում եմ երևանցիների մեկնարկային հնգյակը՝ Արմենակ Ալաջաջյան, Թոմ  Մուրադյան, Ժան Մակարյան, Աբրահամ Համամջյան,Կառլեն Մանուկյան։ Չորսը հայրենադարձներ էին և հաճախ խաղի ժամանակ միմյանց դիմում էին անգլերեն՝ թեև խաղադաշտում նրանց հայերեն խոսակցությունը ևս ոչ ոք չէր հասկանում։ Բայց նրանք խոսում էին անգլերեն՝ իմացեք մեզ, հայերիս…

Այդ առաջնությունը մեզ՝ պատանի բասկետբոլիստներիս, ուսանելի շատ բան տվեց։ Հետագա մարզումների ժամանակ մեր թիմի տղաները, հատկապես Լևոն Դարբինյանը, Ռոմիկ Ղումաշյանը, Ջանո Բագրատիոնին «պատճենահանում էին» Երևանի ՖԻՄԱ-ի խաղացողներ Թոմ Մուրադյանի անսովոր նետումները երկու ձեռքով, կամ էլ Արմենակ Ալաջաջյանի անսպասելի, այսպես կոչված, «թաքնված» փոխանցումները։

Այդ առաջնության արդյունքներով կազմված Խորհրդային Միության ազգային հավաքականում ընդգրկվեց նաև Երևանի ՖԻՄԱ-ի խաղացող Ալաջաջյանը, ով մի քանի ամիս անց դարձավ Եվրոպայի չեմպիոն։

1973 թվականի մայիսին ես սփյուռքահայ թերթերին ուղարկեցի  «Անկանխատեսելի Արմենակը» ակնարկս։ Ասեմ, որ դրա գաղափարն ինձ տվել էր խորհրդային ականավոր բասկետբոլիստ, ԽՍՀՄ ազգային հավաքականի երկարամյա ավագ Օթար Քորքիան, որի 50-ամյակի կապակցությամբ ես հաղորդում էի պատրաստում Հայկական հեռուստատեսության համար։ Այն ժամանակ Օթար Քորքիան ինձ ասաց.

-Ինչո՞ւ ես իմ մասին ակնարկ գրում, գրիր Արմենակի մասին։ Իմ խորին համոզմամբ, Արմենակ Ալաջաջյանը իմ տեսած լավագույն բասկետբոլիստն է իր ամպլուայում։ Նրա նման խաղարկող խորհրդային բասկետբոլում չեմ ճանաչում։

Այդ զրույցի ժամանակ Քորքիան պատմեց, թե ինչու Արմենակին 1954 թվականին, Եվրոպայի առաջնությունից մի քանի ամիս անց, հեռացրին ԽՍՀՄ  հավաքականի կազմից։ Պատճառը ԿԳԲ-ի «ամենատես» աչքն էր, նրա գործակալների անհեթեթ եզրակացությունը։ Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո ԽՍՀՄ հավաքականը մի քանի ընկերական հանդիպում անցկացրեց  Ֆրանսիայում։ Մի անգամ խաղից հետո Արմենակին մոտենում են մի խումբ ֆրանսահայ երիտասարդներ և իրենց հիացմունքը հայտնում նրա խաղի կապակցությամբ։ ԿԳԲ-ի գործակալները այդ մասին զեկուցում են Մոսկվայում, որ Արմենակը մի խումբ դաշնակցականների հետ Ֆրանսիայում մնալու ծրագիր էր քննարկել։ Հավաքականում նրա մնալ-չմնալն այլևս օրերի հարց էր։ Սակայն այդ անհեթեթ, չապացուցված պատրվակով բասկետբոլիստին հավաքականից հեռացնելն այնքան էլ «քաղաքակիրթ» չէր լինի։ Ուստի ԽՍՀՄ սպորտկոմիտեում քննարկեցին այդ հարցը։ Քննարկմանը մասնակցում էին հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Տրավինը, հավաքականի ավագ Օթար Քորքիան  և առաջատար խաղացող Իվան Լիսովը։ Նրանք երեքն էլ փորձում էին ապացուցել, որ, առնվազն, անհեթեթություն է Արմենակին հավաքականից հեռացնելը, երբ նա ընդամենը վեց տարի առաջ էր հայրենադարձվել հայրենիք և այդ կարճ ժամանակամիջոցում հասել համընդհանուր ճանաչման։ Բայց… վերևներում արդեն իսկ որոշումը կայացվել էր։ ԿԳԲ-ն չի սխալվում։  Զավեշտալի էր հեռացման պատճառի ձևակերպումը՝ չափազանց դանդաղկոտության, խաղի տեմպը գցելու համար։ Այդ ժամանակ Քորքիան առաջարկում է գրել՝ չափից ավելի արագաշարժ լինելու համար։ Նրա ձայնին չանսացին։ Այդպես Արմենակ Ալաջաջյանը ութ տարի դուրս մնաց ԽՍՀՄ հավաքականից։ Իսկ թե ինչ էր նշանակում Արմենակի բացակայությունը, տարիներ անց խոստովանել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Գոմելսկին։

1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերում անհաջողության մատնվելուց հետո, երբ Խորհրդային Միության հավաքականը կիսաեզրափակիչում զիջեց Հարավսլավիայի հավաքականին, Գոմելսկին լրագրողներից մեկին ասել էր. «Ես ինձ երբեք չեմ կարողանա  ներել, որ Արմենակ Ալաջաջյանին Մեխիկո չտարա»։ Այս ուշացած խոստովանությունն ուշագրավ է երկու առումով։ Նախ՝ դա ասել է մի մարդ, որի հարաբերությունները Արմենակ Ալաջաջյանի հետ ինչ-ինչ պատճառներով միշտ էլ լարված են եղել։ Եվ երկրորդ, որ Արմենակ Ալաջաջյանը մեծ սպորտին հրաժեշտ էր տվել դեռևս Մեխիկոյի օլիմպիադայից մեկ տարի առաջ՝ 1967 թվականին, և ոչ առանց Գոմելսկու եռանդուն ջանքերի։ Ուրեմն, անգամ մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո էլ Արմենակ Ալաջաջյանը մնում էր երկրի լավագույն բասկետբոլիստներից մեկը, որի պակասն այդքան զգացվեց Մեխիկոյում։

Հետաքրքիր է, որ Արմենակ Ալաջաջյանը իր առաջին ոսկե մեդալը ստացել է մայրցամաքի առաջնությունում հաղթելու համար։ Նրա հիմնական պարգևները դեռ առջևում էին։

Երևանում ցնծությամբ ընդունեցին հայ բասկետբոլիստի հաջողությունը։ Դժվար չէր պատկերացնել հենց իր՝ Արմենակ Ալաջաջյանի ուրախությունը։ Կարո՞ղ էր, արդյոք, հայրենադարձ երիտասարդը երազել, որ Հայաստան վերադառնալուց ընդամենը վեց տարի անց կդառնա խորհրդային հզոր տերության ազգային հավաքականի անդամ և կնվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Եթե այդ մասին նրան որևէ մեկն ասեր Եգիպտոսում, նա, երևի, կկարծեր, թե իրեն ձեռք  են առնում։ Սակայն Երևանում երկար չըմբոշխնեցին Արմենակ Ալաջաջյանի խաղի հմայքը։ Ընդամենը մեկուկես տարի անց Վոլգոգրադում Արմենակը ծանր վնասվածք ստացավ, և…հանրապետության սպորտի ղեկավարները հրաժարվեցին «դարն ապրած» բասկետբոլիստի ծառայություններից։ Արմենակը հեռացավ Հայաստանից և հայտնվեց Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ» թիմում։ Ընդամենը մի քանի ամիս անց ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայի ժամանակ Ղազախստանի թիմը, որի կազմում հանդես էր գալիս Հայաստանում «խոտանված» Արմենակ Ալաջաջյանը, գրավեց պատվավոր հինգերորդ տեղը, ընդ որում նախնական փուլում հաղթելով այնպիսի հզոր թիմերի, ինչպիսիք էին Մոսկվայի և Լենինգրադի հավաքականները, որոնց կազմերում հանդես էին գալիս ԽՍՀՄ ազգային հավաքականի մեկ տասնյակից ավելի խաղացողներ։ Այդ աննախադեպ հաջողությունը պայմանավորված էր Արմենակ Ալաջաջյանին փայլուն խաղով։ Ալաջաջյանն իր գերազանց խաղով երկու բան ապացուցեց. նախ, որ «մի ծաղկով էլ է գարուն գալիս», իսկ երկրորդ «մեսիջը» հասցեագրված էր Հայաստանի բասկետբոլի անհեռատես չինովնիկներին։

1959 թվականին Ալաջաջյանին հրավիրեցին Մոսկվայի ԲԿՄԱ։  Այդպիսով մոսկվացիները հույս ունեին նրա օգնությամբ «ձեռնոց նետել» Ռիգայի բանակայինների թիմին, որոնք Ալեքսանդր Գոմելսկու ղեկավարությամբ իշխում էին խորհրդային բասկետբոլում։ Մոսկվացիները ձգտում էին կասեցնել ռիգացիների հաղթարշավը։ Հիրավի, մերձբալթյան բասկետբոլիստները մինչ այդ չորս անգամ անընդմեջ հաղթել էին Խորհրդային Միության առաջնություններում, երեք անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ Շուտով պատեհ առիթը ներկայացավ։ Այդ տարի Մոսկվայում կայանալու էր ԽՍՀՄ ժողովուրդների 2-րդ սպարտակիադան, ուստի երկրի առաջնության փոխարեն 12 ուժեղագույն թիմեր վիճարկեցին ԽՍՀՄ սպորտկոմիտեի հատուկ մրցանակը։ ԲԿՄԱ-ն, որի կազմում փայլեց թիմի նորեկ Արմենակ Ալաջաջյանը, հաղթեց բոլոր 11 խաղերում և Գոմելսկու թիմից առաջ անցավ երեք միավորով։

Այդպես եկավ խորհրդային բասկետբոլի այն ժամանակաշրջանը, որը լրագրողները կոչելու էին «ԲԿՄԱ-ի դարաշրջան», պայմանավորված նրանով, որ Արմենակ Ալաջաջյանը տեղափոխվել էր ԲԿՄԱ և բավականին հզորացրել այդ թիմը։ Հիրավի, 1960- 1966 թվականներին Արմենակ Ալաջաջյանի թիմը պաշտոնական 300 հանդիպումներում  ընդամենը 20 անգամ է դաշտից հեռացել պարտված։ Այդ ընթացքում ԲԿՄԱ-ն (երբեմն՝ Մոսկվայի կամ ԽՍՀՄ  հավաքականները, որոնք կազմված էին բացառապես ԲԿՄԱ-ի խաղացողներից) ելույթ է ունեցել 15 խոշորագույն մրցաշարերում և 12 անգամ դարձել առաջինը, մեկ անգամ՝ երկրորդը։ Միայն երկու անգամ է Արմենակ Ալաջաջյանի թիմը մնացել առանց մեդալի։ Հենց այդ ժամանակահատվածում էլ Ալաջաջյանը  համալրեց իր ոսկե մեդալների և զանազան մրցանակների հավաքածուն։ Իսկ այն, պետք է խոստովանել, բավականին պատկառելի էր։ Այդ մասին մենք վերը խոսեցինք։

Ցավոք, Արմենակ Ալաջաջյանը կյանքի վերջին տարիներն անցկացրեց Կանադայում, ուր նա արտագաղթել էր ինչ-ինչ պատճառներով։ Գուցե դրանում ինչ-որ չափով մեղավոր էր նույն Ալեքսանդր Գոմելսկին։  Չգիտեմ, բայց տեղին եմ համարում հիշեցնել Օթար Քորքիայի ասածը.

-Հիմա Արմենակը ԲԿՄԱ-ի ավագ մարզիչն է։ Համոզված եմ, որ այս բնագավառում նույնպես նա հաջողության կհասնի, եթե, իհարկե, Գոմելսկին նրան «չուտի»։

Իհարկե, Արմենակ Ալաջաջյանը որպես մարզիչ նույնպես կայացավ։ Նրա ղեկավարությամբ ԲԿՄԱ-ն դարձավ և՛ Խորհրդային Միության չեմպիոն, և՛ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը։

Հետո, չգիտես ինչու, նրան ազատեցին ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ասենք, սպորտում նման բաներ պատահում են…  

Քառասուն օր է, ինչ  ավարտվել է հայ ամենատիտղոսավոր բասկետբոլիստի՝ Արմենակ Ալաջաջյանի երկրային կյանքը։ Բայց նա կապրի հավերժ հայ մարզասերների, հատկապես բասկետբոլի երկրպագուների սրտերում։

Լևոն Ազրոյան        

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan