Ռուսաստանում տարվա իրադարձություն են համարում Սիրիայում ահաբեկիչների նկատմամբ հաղթանակը

Ռուսաստանում տարվա իրադարձությունը համարել են Սիրիայում ահաբեկչության նկատմամբ հաղթանակը և այդ երկրից ռուսական զորքի հիմնական մասի դուրսբերումը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման մասնակիցների 11 տոկոսը նշել է, որ Սիրիայում ահաբեկչության նկատմամբ հաղթանակը Ռուսաստանի համար է տարվա իրադարձություն, իսկ 26 տոկոսը նշել է, որ դա տարվա իրադարձությունն է ընդհանրապես աշխարհի համար:
Ամենանշանակալի իրադարձությունների եռյակում է հայտնվել նաև Ղրիմում Կերչենսկի կամրջի կառուցումը, ինչպես նաև դոպինգ սկանդալները և դրանց հետևանքները ռուս մարզիկների համար: Այս երկուսը տարվա իրադարձություն է համարել հարցվածների 4-ական տոկոսը:
Հարցվածների 1-ական տոկոսը տարվա իրադարձություն են համարել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած զարգացումները, ՌԴ նախագահի ընտրությունների նախապատրաստումը, Վլադիմիր Պուտինի առաջադրումը ՌԴ նախագահի պաշտոնում, Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը: