Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Պելեի բարեկամ Հակոբը

 Սեպտեմբերի 24- ին կլրանար հայտնի մարզական գործիչ Հակոբ Տոնոյանի ծննդյան 85-ամյակը։ Օգտվելով առիթից, մենք նպատակահարմար համարեցինք տակավին 1994 թվականին արված այս հարցազրույցը ներկայացնել ընթերցողի ուշադրությանը։ Նա, իրոք, արժանավոր հայորդի էր…

«Իմ բարեկամ Հակոբին, Պելե»։ Չգիտեմ, թե ֆուտբոլի արքայի նման ինքնագրով լուսանկարը Սոթբիի աշխարհահռչակ աճուրդում քանի հազար դոլար կամ եվրո կարժենա, բայց որ Հայաստանի մարզական թանգարանում դրան կենտրոնական տեղ կտրվի, ոչ մի կասկած չունեմ։ Ո՞ր մարզական թանգարանը չէր երազի նման ցուցանմուշ ունենալ… Այդպիսի ցուցանմուշ Երևանում կա, բայց դրա մասին գրեթե ոչ ոք չգիտի։ Չգիտի ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում նման թանգարան չկա, այլ այն պատճառով, որ նա՝ «Պելեի բարեկամ Հակոբը», չի  սիրում այդ մասին տարփողել։

Ընթերցողը, անշուշտ, կհարցնի, թե ո՞վ է Հակոբը, ինչո՞ւ է արժանացել Պելեի հետ լուսանկարվելու պատվին…

Դա Հակոբ Տոնոյանն է, Երևանի մարզական ապրանքների մեծածախ բազայի երկարամյա տնօրենը, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահը, Ազգային օլիմպիական կոմիտեի անդամը։ Չնայած զբաղեցրած պաշտոններին, Հակոբ Տոնոյանը մի կոչում ունի, որին հավատարիմ է իր ողջ կյանքում։ Նա սպորտի հովանավոր է, մեկենաս, առանց որի դժվար թե կայանար նորանկախ Հայաստանի սպորտը։ Հուրախություն բոլորիս, մեզանում քիչ չեն մարդիկ, ովքեր միջոցներ չեն խնայում այս կամ այն մարզաձևի հավաքականին կամ առանձին անհատին սատար կանգնելու համար։ Հիմա դա ընդունված է։ Բայց այն ժամանակներում, երբ Հակոբ Տոնոյանն էր  մեկենասություն անում, դա այնքան էլ չէր գովազդվում, ավելին՝ թաքցվում էր։ Երևի թե այս հանգամանքով կարելի է բացատրել, որ Հակոբ Տոնոյանի անունը ներկա սերնդի մարզասերներին քիչ է հայտնի։ Իսկ նրանք, ովքեր հիշում են 70-ական թվականների Երևանի «Արարատի» հաղթանակները, լավ գիտեն, թե ո՞վ է Հակոբ Տոնոյանը, գիտեն նրա ավանդը այդ հաղթանակներում։

Հակոբ Տոնոյանն ութ տարի գլխավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան, մեծապես նպաստել այդ մարզաձևի զարգացմանը, հայ ըմբիշների հաղթական ելույթներին, ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Բայց…

Ինչպես խոստովանում է Հակոբ Տոնոյանը՝ ինքը միշտ էլ անթաքույց համակրել է ֆուտբոլը։

-Ինչո՞ւ…

-Նախ այն պատճառով, որ ֆուտբոլը, հիրավի, համաժողովրդական խաղ է, մի ժամանակ նույնիսկ … կուսակցական։ Ես չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության Կենտկոմի որևէ պատասխանատու աշխատող ներկա գտնվեր ինչ-որ մարզական միջոցառման, բայց ֆուտբոլ գալիս էին, գալիս էին անգամ խմբերով։ Սա, իհարկե, կատակի կարգով։ Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ֆուտբոլասեր  ինձ դարձրեց Նիկիտա Սիմոնյանը, ում խաղով ժամանակին հրապուրված էին միլիոնավոր ֆուտբոլասերներ, ում մասին անգամ  երգեր էին գրվում։ Համոզված եմ, որ այն տարիներին, երբ մեր հանրապետությունը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում թիմ չուներ, հայ ֆուտբոլասերների գերակշռող մասը երկրպագում էր Մոսկվայի «Սպարտակին», որի կազմում հանդես էր գալիս Նիկիտա Սիմոնյանը։ Իսկ երբ տարիներ անց, հանգամանքների բերումով, մեր ընտանիքը Սիմոնյանների գերդաստանից հարս բերեց, մեր կապերը փոխադրվեցին այլ հարթություն, մեր հարաբերություններն ավելի ջերմ դարձան։ Նիկիտա Սիմոնյանի միջոցով ես ծանոթացա և մտերմացա խորհրդային ֆուտբոլի մեծերի հետ։ Շատերի հետ իմ բարեկամությունը շարունակվում է մինչև օրս։ Հենց Նիկիտա Սիմոնյանի հորդորով ես սկսեցի իմ ֆուտբոլային գործունեությունը։

Այդ մարդկանց հետ զրույցների ընթացքում մոտիկից ծանոթանում էի մեր ֆուտբոլի պրոբլեմներին, նաև համոզվում, որ անձնական կապերը շատ հարցերում կարող են օգտակար դեր խաղալ։ Եվ ես փորձեցի օգտակար լինել հայկական ֆուտբոլին, չէ՞ որ Մոսկվայում, մարզական տարբեր ատյաններում լայն ծանոթություններ ունեի։ Հենց այդ մղումն էլ ինձ բերեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Կարճ ժամանակ անց դարձա այդ հասարակական  կազմակերպության նախագահության անդամ, ապա ընտրվեցի նախագահի տեղակալ, հետո՝ նախագահ։ Այդ պաշտոնում մնացի այնքան ժամանակ, մինչև ֆեդերացիան դադարեց հասարակական կազմակերպություն լինելուց։  Ես չէի կարող միանգամից երկու վճարովի պաշտոն զբաղեցնել։ Հայաստանի ֆուտբոլին մատուցած ծառայություներիս համար, երևի, ինձ ընտրեցին ֆուտբոլի  ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

Իմ՝ որպես հովանավորի, պարտականությունները երիցս բարդացան, երբ իմ ջանքերի շնորհիվ Երևան տեղափոխվեց Նիկիտա Սիմոնյանը ( երկու անգամն էլ ես եմ նրան համոզել ստանձնել «Արարատի» ավագ մարզչի պարտականությունները)։ Լավ է, որ այդ տարիներին կողքիս էր իմ լավ բարեկամ և համախոհ Վլադիմիր Նավասարդյանը՝ մեր ֆեդերացիայի անդամը, Երևանի մարզահագուստի ֆաբրիկայի տնօրենը։ Հիմա ծիծաղելի է թվում, բայց քանի՜-քանի անգամ են մեզ կանչել ամենատարբեր մակարդակների ղեկավարների մոտ, խորհուրդ տալու պես պահանջել՝ քիչ միջամտել ֆուտբոլային հարցերին և զբաղվել մեր անմիջական գործով՝ տնտեսական գործունեությամբ։ Փառք Աստծո, որ նրանք կամ մինչև վերջ հետևողական չէին, կամ համոզված էին, որ մենք, այնուամենայնիվ, հայանպաստ գործ ենք անում։

-Պարոն Տոնոյան, Դուք մարզական կրծքանշանների, հուշադրոշների, գավաթների, գնդակների և, ի վերջո, լուսանկարների այնպիսի հավաքածու ունեք, որին կնախանձի ցանկացած թանգարան։  Ինչպե՞ս է գոյացել այդ ամենը։

- Սկսենք նրանից,  որ 1966 թվականից ի վեր,այսինքն՝ Լոնդոնում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, ես ոչ մի հիշարժան ֆուտբոլային միջոցառում բաց չեմ թողել։ Եղել եմ Մոսկվայի օլիմպիական խաղերի ֆուտբոլային մասի կազմկոմիտեի անդամը։ Իսկ նման առաջնություններում, ինքներդ գիտեք, ուղղակի անհնարին է կրծքանշաններ կամ այլ հուշանվերներ չփոխանակել։ Բացի այդ, ես ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ էի և հաճախ նման միջոցառումներին մասնակցում էի պաշտոնական պատվիրակությունների կազմում, ուրեմն՝ ամեն մի երկրի պատվիրակություն մեզ էր նվիրում իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի, երկրի չեմպիոնի կամ այլ ակումբի հուշադրոշը կամ կրծքանշանը, այլ հուշանվերներ։ Հենց այդպես էլ գոյացել է իմ այս հավաքածուն։

-Դուք ունեք հիսունից ավելի գնդակ։ Դրանք նույնպես հուշանվերնե՞ր  են։

- Այո, յուրաքանչյուր գնդակ իր պատմությունն ունի, ուստի և ամեն մեկը յուրովի թանկ է ինձ համար։ Խաղացողների և մարզիչների ինքնագրերով ինձ գնդակներ են նվիրել աշխարհի մի շարք երկրների հավաքականներ, աշխարհահռչակ դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղի մասնակիցները, Կիևի և Թբիլիսիի «Դինամո» թիմերի, Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և, իհարկե, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները։ Սրանք բոլորն էլ թանկ են ինձ համար, բոլորն էլ՝ մասունքներ։ Բայց, բնական է, ինձ համար ամենաթանկը դրանցից վերջինն է։ Հավատացնում եմ, հավաքածուիս կեսը կտայի, որպեսզի ունենայի մեր սիրելի «Արարատի» մեծ հաղթանակները խորհրդանշող ևս երկու-երեք գնդակ։ Բայց ինչ արած, այն գիտակցությունը, որ ունեցել ենք ԽՍՀՄ չեմպիոն «Արարատ-73», և ԽՍՀՄ  ֆուտբոլի բյուրեղապակյա  գավաթի վրա երկու անգամ փորագրվել է Ամենայն հայոց թիմի՝ Երևանի «Արարատի» անունը, ինձ երջանիկ է դարձնում։

-Պարոն Հակոբ, իսկ լուսանկարների մասին ի՞նչ կասեք։

- Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, քանզի բախտ եմ ունեցել անձամբ ծանոթ լինելու և շփվելու ֆուտբոլի այնպիսի աստղերի  հետ, ինչպիսիք են Պելեն, Լև Յաշինը, Միշել Պլատինին, Ֆրանց Բեկենբաուերը …

Խորհրդային ֆուտբոլիստներին չեմ թվարկում, անչափ շատ են, բոլորին չես հիշի։ Թվարկածս լեգենդար մարզիկների հետ հանդիպումներ եմ ունեցել ամենատարբեր առիթներով, և գրեթե ամեն անգամ մտերմիկ զրույցներ ենք անցկացրել, հետո էլ միասին լուսանկարվել։ Պելեի հետ, օրինակ, Իտալիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ ապրում էինք նույն հյուրանոցում, կողք-կողքի, միասին էինք նստում նաև պատվավոր հյուրերի օթյակում։ Այսպիսի հանդիպումներից մեկի ժամանակ էլ նա ընծայագրեց իր լուսանկարը:

-Ի դեպ, Իտալիայի առաջնության մասին։ Ասում են, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժոաո Ավելանժը նախկին Խորհրդային Միությունից աշխարհի առաջնությանը անձնական հրավեր էր ուղարկել ընդամենը երեք հոգու՛ ԽՍՀՄ պրեզիդենտ Միխայիլ Գորբաչովին, ԽՍՀՄ սպորտկոմիտեի նախագահ Նիկոլայ Ռուսակին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Տոնոյանին։ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, թե դա ժողովրդական բանահյուսության շարքից է։

-Այո, դա այդպես էր։ Միխայիլ Գորբաչովը զբաղված էր ավելի կարևոր պետական գործերով, Ռուսակը հիվանդացել էր, և ես էի ստիպված ընդունել ՖԻՖԱ-ի նախագահի հրավերը և փրկել ԽՍՀՄ-ի պատիվը։ Դե, եթե ֆուտբոլիստներն իրենց դժգույն խաղով չեն փրկում, գոնե ֆուտբոլային ֆունկցիոներները փրկեն (սա, իհարկե, կատակ է)։

- Եվ փրկեցի՞ք…

- Իհարկե։ Ավելանժն այնքան էր հավանել իմ «փրկարարական» գործունեությունը, որ հաջորդ տարի ես նրանից հրավեր ստացա մասնակցելու նրա 70-ամյա հոբելյանին։ Այս անգամ նա հրավեր էր ուղարկել ԽՍՀՄ  ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովին և ինձ։

- Պարոն Տոնոյան, ես էլ եմ բախտ ունեցել առնչվելու Ավելանժի հետ։ Հիշում եմ, 1984 թվականին, երբ Ավելանժը կարճատև այցով Երևանում էր, որտեղ նրան հիրավի արքայական ընդունելություն ցույց տրվեց, հանդիպումներից մեկից հետո ՖԻՖԱ-ի պրեզիդենտը, դիմելով ներկաներին, այդ թվում իրեն ընդունող չինովնիկին, ասաց, որ անչափ շնորհակալ է Հակոբ Տոնոյանին, ով իրեն հրավիրել է Հայաստան, իսկ իր հայրենիքը սիրել է տվել տակավին քսան տարի առաջ՝ իրենց առաջին հանդիպման ժամանակ։ Այդ բարձրաստիճան պաշտոնյան զարմացած հարցրեց օգնականին. «Ո՞վ է այդ Հակոբ Տոնոյանը, ո՞ւր է նա»։ Դուք, պարոն Տոնոյան, այդտեղ չկայիք։ Արարողակարգը թույլ չէր տվել Ձեզ ներկա գտնվելու այդ ընդունելությանը։ Ի՞նչ էիք զգում այն ժամանակ։

-Ի՞նչ ասեմ։ Կարևորն այն չէ, թե ով էր  մասնակցում պաշտոնական ընդունելությանը։ Կարևորն արդյունքն է։ Իսկ արդյունքը գոհացուցիչ էր բոլորիս համար։ Ավելանժի Հայաստանից մեկնելուց հետո ՖԻՖԱ-ն որոշում կայացրեց աշխարհի երիտասարդական առաջնության խմբերից մեկի խաղերի կազմակերպումը հանձնարարել Հայաստանին։ Կարծում եմ, դրանից հայկական ֆուտբոլը և մեր մարզասերները միայն շահեցին։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ի՞նչ էի զգում այն ընդունելությանը ներկա չգտնվելու պատճառով, կասեմ՝ ես Ավելանժի, նրա գործընկերների հետ այնքան եմ առնչվել, անգամ սեղան նստել, որ…            Ուղիղ երեսուն տարի բարեկամություն եմ անում Ավելանժի հետ և իմ ուժերի ներածին չափով աշխատում եմ օգտակար լինել մեր ֆուտբոլին։ Մեր մարզական ղեկավարները, երևի, զարմացան, երբ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անմիջապես բավարարեց այդ ֆեդերացիային անդամագրվելու Հայաստանի Հանրապետության խնդրանքը, մինչդեռ ՖԻՖԱ-ն նախկին խորհրդային հանրապետություններից միայն հինգին «առաջին ներկայացմամբ» ընդունեց իր շարքերը։ Ռուսաստանի, Ուկրաինայի,Բելառուսի և Վրաստանի հետ այդ պատվին արժանացավ նաև Հայաստանը։ Կարծում եմ, որ այդ երկրների դիմումները քննարկելիս ՖԻՖԱ-ի նախագահությունը հաշվի է առել նաև Ժոաո Ավելանժի կարծիքը։

…Հակոբ Տոնոյանին ճանաչում եմ շուրջ երեք տասնամյակ։ Միշտ հիացել եմ նրա էներգիայով, բռնած գործը մինչև վերջ հասցնելու  կարողությամբ։ Նախանձով եմ ուսումնասիրել նրա հարուստ հավաքածուն։ Քանի-քանի անգամ եմ ուզեցել գրել նրա մասին, բայց առօրյա գործերի հորձանուտում չեմ կարողացել ժամանակ հատկացնել այդ հիրավի հետաքրքիր ու կոլորիտային մարդուն՝ Պելեի բարեկամ Հակոբին։ Հիմա էլ գրիչը ձեռքս առա միայն այն պատճառով, որ 1994 թվականը հոբելյանական է Հակոբ Տոնոյանի համար։ Ուղիղ երեսուն տարի առաջ Հակոբ Տոնոյանը դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, որի պատվավոր նախագահն է այսօր։         

Լևոն Ազրոյան

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan