Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Թուրքիան հրաժե՞շտ է տալիս ՆԱՏՕ–ին. С–400–ի պայմանագիրը կնքված է



ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ Մոսկվան ու Անկարան ստորագրել են С–400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: Նրա խոսքով, «պայմանագիրը պատրաստվում է իրագործման»: Նաև մանրամասնել է. «С–400–ը ամենաբարդ համակարգերից է, կազմված մի ամբողջ շարք տեխնիկական միջոցներից: Այնպես որ, կան բազմաթիվ նրբություններ: Կարող եմ միայն երաշխավորել, որ տվյալ պայմանագրով ընդունված բոլոր որոշումները խստիվ համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Իսկ պայմանագիրը մեկնաբանելու գերակա իրավունքը պատկանում է պատվիրատուին»:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, որ Անկարան արդեն փոխանցել է համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի առաջին կանխավճարը. «Կողմերը եկել են համաձայնության և ստորագրել են պայմանագիրը: Ռուսաստանը պատրաստ է դրա իրականացմանը»: Ընդ որում, թուրքական կողմը հատուկ նշել է, որ Մոսկվան Անկարային է փոխանցելու նաև С–400–ի տեխնոլոգիան: «Այդպիսով, Թուրքիան որոշիչ և բազմանշանակ քայլ է կատարում դեպի Ռուսաստանը: Իսկ Մոսկվայի համար «Աքույա» ատոմակայանի կառուցման նախագծից հետո զենիթային այդ համակարգերի ծրագրված մատակարարումները միտված են դեպի Թուրքիա ավելի խորը «ներթափանցելուն»,– կարծում է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Նոր զենքի առկայությունը Անկարայի ռազմական ստրատեգներին կստիպի էական շտկումներ կատարել սեփական ռազմական դոկտրինում, որոնք համապատասխան կլինեն այդ զենքի չափանիշներին և մարտական այն նոր խնդիրների կատարմանը, որոնց համար էլ դրանք կօգտագործվեն: Իսկ դա նշանակում է, որ С–400–ի գործարքը ոչ միայն շահութաբեր բիզնես է, այլ նաև համագործակցություն, որի հետևանքները կարող են տարածվել այլ ոլորտների վրա նույնպես: Մյուս կողմից էլ, ինչպես գրել է թուրքական «Sabah» թերթը, «մի երկրից, որտեղ 1962 թ. Կարիբյան ճգնաժամի օրերին ԱՄՆ–ն տեղակայել էր «Յուպիտեր» հրթիռներ ընդդեմ Ռուսաստանի, Թուրքիան դառնում է ՆԱՏՕ–ի առաջին երկիրը, որին Ռուսաստանը տալիս է С–400 համակարգեր»:

1985 թ.–ից Անկարան սկսել է ակտիվորեն փողեր ներդնել ռազմական տեխնոլոգիաների մշակման բնագավառում՝ արդյունաբերության համապատասխան ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես նաև նրա համար, որ բավարարի պաշտպանության բնագավառում երկրի պահանջները: Միևնույն ժամանակ Թուրքիան հասկանում է, որ թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական նկատառումներից ելնելով՝ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար բավարար հզորություններ չունի: Ուստի նախընտրել է համատեղ արտադրանքի մշակման պայմանագրեր կնքել այլոց, նախևառաջ, արևմտյան գործընկերների և երկրների հետ: Ներկայում ռազմատեխնիկական ոլորտի նրա պահանջների 50 տոկոսն ապահովվում է ներքին արտադրանքի հաշվին: Բայց երկիրը չունի հակաօդային պաշտպանության մեծ հեռահարության համակարգեր, որոնք անկախ կլինեին ՆԱՏՕ–ից: Նախկինում դա Թուրքիային ձեռնտու էր: Հիմա արդեն՝ ոչ: «Առաջին օրը չէ, որ Անկարան համագործակցում է Վաշինգտոնի հետ, ու հնարավոր է՝ Մերձավոր արևելքի առաջին երկրներից է, որն զգացել է տարածաշրջանում ԱՄՆ–ի ազդեցության թուլացումն ու Ռուսաստանի դերի ուժգնացումը: Ուստի նրա աստիճանական շրջադարձը դեպի Ռուսաստան միանգամայն տրամաբանական է, թեպետ անոմալ է ՆԱՏՕ–ի հետ համագործակցության տեսանկյունից: Ո՞վ է պատրաստվում հարձակվել նրա վրա: Նախկինում պնդում էին, որ դա կարող է լինել Ռուսաստանը կամ Սիրիան: Իսկ հիմա՞»,– հարց է բարձրացնում Ս. Տարասովը:

2015–ի նոյեմբերին Ռուսաստանը С–400 համակարգեր էր տեղակայել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում: Այն ժամանակ պարզ էր, որ Ռուսաստանն այդպես արձագանքեց թուրք զինվորականների կողմից իր Су–24 կործանիչի ոչնչացմանը: Իսկ երբ Իրանն է ցանկանում ստանալ համապատասխան համակարգեր՝ նույնպես պարզ է, քանի որ նրան բացահայտորեն սպառնում են ռմբակոծել այն օբյեկտները, որոնք համարում են իրանական միջուկային ծրագրի մասնակից:

Մոսկվան սպառնալիք չի տեսնում Անկարային С–400 համակարգեր մատակարարելու հարցում, չնայած Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Թեպետ հասկանում է, որ այդ համակարգերի հայտնվելը Թուրքիայում կարող է լրջորեն ազդել Մերձավոր արևելքում և ընդհանրապես աշխարհում գլոբալ անվտանգության հարցերի վրա:

«Ինչ էլ ասեն, Անկարայի գործողությունները փաստում են ՆԱՏՕ–ում եղած ճգնաժամը, թեև Թուրքիան առայժմ ցանկություն չի հայտնում լքելու այդ դաշինքը՝ հույս ունենալով նրա ներուժն օգտագործել իրականացնելու իր ամբիցիոզ քաղաքականությունը տարածաշրջանում: Ու հենց իր սեփականը, ոչ թե պրոարևմտյանը: Բացի սիրիական ճգնաժամից, Անկարան դարձել է Պարսից ծոցում ծավալվող ճգնաժամի մասնակից, դաշնակից է դարձել Իրանի հետ: Առավել համոզիչ թվացող վարկածներից մեկն այն է, որ այս գործարքով Թուրքիան լուծում է ոչ թե ռազմական, այլ շատ կոնկրետ քաղաքական հարցեր՝ բարձրացնել իր կարգավիճակը ՆԱՏՕ–ում, դառնալ դաշինքի միակ անդամը (չհաշված ԱՄՆ–ն), որն ունի ՀՕՊ հզոր համակարգ: Առայժմ այսքանը»,– համարում է վերլուծաբանը:

Արփի Սահակյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan