Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Գարիկ Քեռյան. «Իսրայելի հետ հարաբերությունները սերտացնելիս պետք չէ նետվել ոչ տնտեսական շահի, ոչ էլ վերացական էմոցիաների գիրկը»


Իսրայելը իր տարածքով և բնակչության քանակով լինելով բավականին փոքր պետություն, իր տնտեսական և ռազմական պոտենցիալով համարվում է Մերձավոր և Միջին Արևելքի ուժային կենտրոններից մեկը: Եվ ունենալով տարածաշրջանի և աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա ներազդելու լուրջ լծակներ, այնուամենայնիվ Հայաստանի անկախության 25 տարիների ողջ ընթացքում Հայաստան–Իսրայել հարաբերությունները համագործակցային հունով չեն զարգացել, և մենք այսօր չունենք այդ երկրի հետ բարձր մակարդակի հարաբերություններ:

Ի դեպ, ԱԳՆ–ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992–ի ապրիլին: 1993–2007 թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաև Հայաստանում, իսկ 2007–ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը գտնվում է Երուսաղեմում: 2010 թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996 թ.–ին Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում, իսկ 2011թթ. Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Մելքոնյանը, նստավայրը՝ Կահիրե:

Ու թեև դժվար է ասել, թե իրականում ինչպես է երկու երկրների դեսպաններին հաջողվում Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից մինչև Երուսաղեմ շփվել ու հարաբերություններ կառուցել, բայց որ այն չեղածի հաշիվ կարելի է համարել՝ փաստ է:

Ու չնայած նման դեպքերում ընդունված է ասել, որ դիվանագիտությունը նուրբ ու տակավին բազմաշերտ մասնագիտություն է, և պետական սահմաններն անգամ չեն կարող խոչընդոտել երկկողմ շփումներին, այնուամենայնիվ ընդգծենք, որ ներկայում ունենք այն, ինչ ունենք:

Վերջին շրջանի հարաբերությունների ակտիվացումը, որի տեսանելի հատվածը զուտ տնտեսական է, Իրանի կողմից այնքան էլ սիրահոժար չընկալվեց: Բայց, կարծես թե, դա չի խանգարում Իսրայելի հետ գործարար կապերն ամրապնդելու և երկկողմ հարաբերություններ հաստատելու մի երկրի հետ, ում կողմից արտադրած զենքով ոգևորված ընդամենը մոտ 1,5 տարի առաջ Ադրբեջանը փորձեց «բլից–կրիկ»–ով ինքն իրեն ինչ–որ բան ապացուցել: Ու չնայած, որ այդ փորձը փորձանք դարձավ նույն այդ ագրեսոր երկրի գլխին, բայց հայ հասարակության մեջ դառը վերաբերմունք մնաց մի երկրի՝ Իսրայելի հանդեպ, ով Ադրբեջան կոչվող ագրեսիվ ու անկառավարելի երկրին ժամանակակից զենքի և սպառազինության հիմնական մատակարարն էր ու շարունակում է մնալ մինչ օրս: Եվ այս ֆոնին փոխադարձ ժպիտները, ձեռքսեղմումներն ու «խոնարհումները» բնականաբար մտորելու տեղիք են տալիս:

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի դիտարկմամբ, Իսրայելի ներկայի ակտիվությունը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում իր անվտանգության ամրապնդման համար «պիտանի» երկրների հետ հարաբերությունների ստեղծմամբ և ամրապնդմամբ և «վտանգ» ներկայացնողների չեզոքացմամբ: Եվ դա նկատելի է վերջին 10–20 տարիներին Իսրայելի կողմից վարած արտաքին քաղաքականության դիտարկմամբ:
«Մասնավորապես, եթե ժամանակին Իսրայելի անվտանգությանը սպառնում էին Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, ապա այդ երկրի քաղաքականությունը միտված է եղել այդ երկրներից եկող վտանգների չեզոքացմանը: Եվ ինչպես տեսնում ենք, իրադարձությունները զարգացել են այնպես, որ ամեն ինչ դասավորվել է Իսրայելի «ցանկությամբ»: Եվ հիմա Իրաքը, Սիրիան գտնվում են քաոսային իրավիճակում, իսկ Իսրայելի դեմ արաբական ընդհանուր ճակատ չկա: Նա կարողանում է Թուրքիայի հետ տարբեր մանիպուլյացիաների միջոցով հաջողությամբ տարածաշրջանային հակամարտություններում պահպանել թե՛ իր շահը և թե՛ անվտանգությունը»,– ասաց քաղաքագետը:

Այս համատեքստում դիտարկելով Հայաստան–Իսրայել հարաբերությունները, Գ. Քեռյանի կարծիքով միանշանակ հարկավոր է հաշվի առնել տարածաշրջանում Իսրայելի թիվ մեկ հակառակորդի՝ հզոր իսլամական պետություն հանդիսացող Իրանի դիրքորոշումը: Ու քանի որ Իսրայելի ուշադրության կենտրոնում այդ երկրին միջազգային և տարածաշրջանային ասպարեզից մեկուսացնելու հարցն է օրակարգայինը, ուստի Հայաստանը պետք է կարողանա այս պրիզմայով հարցերը դիտարկել:

«Բնականաբար, Հայաստանը Իսրայելի կողմից դիտարկվում է որպես ոչ այնքան ձեռնտու միջազգային գործընկեր, քանի որ հայ–իրանական բարիդրացիական հարաբերությունները և ԼՂՀ հարցում Իրանի դիրքորոշումն ու հայամետ կեցվածքը ակնհայտ է: Բացի այդ, այսօր Իրանը թուրքական համագործակցության միակ զսպիչ ուժն է, որին ավելացել է նաև Թեհրան–Մոսկվա ռազմավարական առանցքը: Այն գոյացել և զարգանում է սիրիական ճգնաժամի լուծման, ինչպես նաև շատ այլ հարցերի ֆոնին: Եվ սա նշանակում է, որ իսրայելահայկական մերձեցման ճանապարհին հարկավոր է բավականին զգույշ լինել և պետք չէ նետվել ոչ տնտեսական շահի, ոչ էլ վերացական էմոցիաների գիրկը»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի խոսքով, հարկավոր է խելամիտ և հավասարակշռված քայլեր ձեռնարկել: Ու չնայած դիվանագիտությունը հակասական շախմատային քայլերի վրա է կառուցվում, բայցև ցանկացած քայլ անելուց առաջ իրադարձությունների ընթացքը կանխատեսելու համար հարկավոր է մանրակրկիտ հաշվարկել դրանից բխող բոլոր հետագա քայլերն ու հակաքայլերը:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես հարաբերություններ ձևավորելուն, ապա պետք է ասել, որ նույնիսկ թշնամական երկրների հետ է հարկավոր հարաբերություններ ունենալ, որպեսզի հնարավոր լինի «երկխոսել» և հասկանալ այդ երկրի դիրքորոշումը: Եվ անկախ այն հանգամանքից, թե Իսրայելն Ադրբեջանի հետ ինչպիսի հարաբերություններ ունի, նրա վարած քաղաքականությունը պրոհայկական է, թե պրոադրբեջանական, մեկ բան հստակ է, որ մենք պետք է Իսրայելի հետ կարողանանք ունենալ ոչ թե տեսական, այլ գործնական դիվանագիտական հարաբերություններ, տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ նրա տեսակետն իմանալու և մեր մտահոգությունները այդ երկրին ուղղակիորեն հայտնելու համար: Եվ ցավալի է, որ մեր դիվանագիտությունը չի կարողացել մինչ օրս նման հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,– ասաց Գ. Քեռյանը:


Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan