Հանքի շահագործումն անթույլատրելի է և՛ բնապահպանական, և՛ պատմամշակութային առումներով

Մեր հյուրն է աշխարհագրագետ, «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը
– Պարոն Գալստյան, ինչո՞ւ է ըմբոստացել Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչությունը, ի՞նչ է տեղի ունենում բանապահպանական առումով:
– Հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը ներկայացրել է ծրագիր, որ ցանկանում են ուսումնասիրություններ կատարել մոտավորապես 200 հեկտար տարածքի վրա` ոսկու պաշարները գնահատելու վերաբերյալ: Իսկ այդ տարածությունը գտնվում է գյուղից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա: Իրենց ներկայացմամբ` իբրև թե սա երկրորդ քննարկումն է: Չնայած առաջին քննարկումն այդպես էլ հայտնի չէ, թե որտե՞ղ է եղել, ովքե՞ր են մասնակցել այդ քննարկմանը: Եվ ընդհանրապես, հարց է` եղե՞լ է այն, թե չի եղել:
Գյուղացիները ներքևից ճանապարհը փակել էին այս մարդկանց առաջ, որպեսզի չկարողանան գյուղ մտնել: Նրանք սպասեցին գյուղի սահմանին, սպասեցին, ապա թողեցին ու հետ գնացին: Գյուղացիները խստիվ մերժեցին նրանց, ասացին, որ իրենք քննարկելու ոչինչ չունեն:
– Իսկ հանքի շահագործումը բնապահպանական ինչպիսի՞ ռիսկեր է պարունակում:
– Պարունակում է բոլոր այն ռիսկերը, որոնք ընդհանուր առմամբ հատուկ են նման տիպի հանքերի շահագործմանը: Այս գյուղի տարածքում հիմնականում անտառապատ փոքր լեռներ են ու ձորակներ: Ձորակներում հավաքվում է ջուրը, որից օգտվում է ողջ բնակչությունը: Այն թե խմելու ջուր է, թե ոռոգման ջուր է գյուղացու համար:
Եվ եթե հանքը շահագործվի, ապա այս գյուղի համար մի բան կմնա ըստ էության. այստեղից պետք է տեղահանվի, մարդիկ պետք է թողնեն ու գնան իրենց բնակավայրից:
Նորից կրկնեմ, որ հանքը լինելու է գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա: Իսկ դա նշանակում է, որ հանքի շահագործման հետևանքները անմիջապես զգացվելու են թե ջրի, թե արոտավայրերի վրա: Փոշու տեսքով թունավոր նյութերը նստելու են ամեն տեղ, ընդհուպ դրանք հասնելու են մարդկանց տներն ու տնամերձ հողատարածքները:
Իսկ Արդվիի բնակիչները զբաղվում են բնականաբար գյուղատնտեսությամբ` թե հողագործությամբ, թե անասնապահությամբ: Նաև վերջին շրջանում զբաղվում զբոսաշրջային բիզնեսով:
Այնպես որ, հանքի շահագործումով, ըստ էության, գյուղը կգտնվի վերացման շեմին: Այս բանը շատ լավ հասկանում են մարդիկ, ուստի կատեգորիկ հրաժարվում են նախաձեռնողների հետ որևէ քննարկման մեջ մտնել: Եվ ամենակարևորը` այս տարածքը նաև պատմաճարտարապետական գոտի է: Այն հարուստ է հնագիտական արժեքավոր նյութերով: Կան դարերի պատմություն ունեցող եկեղեցիներ, հնագիտական կարևոր նյութեր պարունակող դամբարանադաշտեր: Այստեղ է ամփոփված նաև Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մարմինը:
Այս ամեն հանգամանքները հաշվի առնելով` միայն մի բան կարող ես ասել` նման հանքի շահագործումն այս տարածքում անթույլատրելի է և՛ բնապահպանական, և՛ պատմամշակութային առումներով:
– Իսկ ի՞նչ են անում բնապահպանները: Գիտեմ, որ դուք ևս այդտեղ եք` գյուղում:
– Մենք այստեղ ենք եկել, որպեսզի մարդկանց համար խորհրդատվություն իրականացնենք: Ընդամենը:
Իսկ ողջ այդ ընդվզումը հանքի շահագործման դեմ կազմակերպել են իրենք` գյուղացիները: Բնապահպաններն այս հարցում գործ չունեն:
– Մեր ժողովրդի մոտ ինչպիսի՞ն է բնապահպանական գիտակցության մակարդակը: Եվ ընդհանրապես ավելանո՞ւմ է նրանց ակտիվությունը իրենց կենսական միջավայրը պահպանելու հարցում:
– Մեր ժողովուրդը տեղը տեղին ամեն ինչ էլ գիտի: Պարզապես այս պետության մեջ նրա վստահությունն է պակաս: Եվ հաճախ չի հավատում ինքն իր ուժերին, թե պայքարելու ճանապարհով ինչ–որ բանի կարող է հասնել: Սա՛ է խնդիրը. այլ բան չկա: Թե չէ ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, շատ լավ էլ տեղեկացված է և պատրաստ է դիմակայելու իր կենսամիջավայրի դեմ կատարվող ոտնձգություններին:
Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ