Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են


Մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

–  Պարոն Մանուչարյան, այսօր մասնավորապես «Ելք» խմբակցության անդամն առաջարկում է, որպեսզի Հայաստանը դադարի անդամակցել ԵՏՄ–ին: Եթե դա տեղի ունենա, ապա այն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի դիրքերի վրա:

–  Նախ պետք է նայենք, թե ո՞վ է հարցը հնչեցնում, ինչո՞ւ է հնչեցնում և ինչո՞ւ է հնչեցնում հեց այդ պահին: Նաև` որտեղի՞ց ծնվեց այդ առաջարկը:
ԵՏՄ–ի վերաբերյալ հաճախ եմ ասել. եթե Հայաստանը նրա մեջ է, ապա կարող է լինել թելադրող այդ կառույցում: Իսկ, ընդհանրապես, եթե մեզ անհրաժեշտ է մի լայն տնտեսական համակարգ, որի մեջ ընդգրկվելով, կարող ենք զարգացնել մեր հնարավորությունները, դա միանշանակ է:
Հաճախ խոսում ենք եվրոպական համակարգերի մասին ու ասում, թե եկեք նրանցում ինտեգրվենք: Իսկ ես ասում եմ, որ այդ համակարգերում մենք, ցավոք, արդեն ինտեգրված ենք: Երկրի զարգացմանը վերաբերող մեր բոլոր որոշումները կամ 25 տարիների մեր տնտեսական օրենսդրությունը համարյա ամբողջությամբ գրել ենք մեր եվրոպական գործընկերների խորհուրդներով:
 Նրանք մեր բոլոր նախարարություններում ստեղծել են ԾԻԳ–եր` Ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնց գործունեությունը ֆինանսավորում են իրենք: Բայց… ֆինանսավորում են մեր փողերով: Պայմանն այսպիսին է` մեզ վարկ են տալիս, որպեսզի մենք վարձատրենք իրենց մասնագետներին, ովքեր մեզ խորհուրդ կտան:
Այսինքն` որպեսզի մեկը մեզ բացատրի, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, դրա դիմաց մեզանից վերցնում են, ասենք, ամսական մի 20 հազար դոլար գումար:
Այս ամենի հետևանքով մենք քանդել ենք մեր տնտեսությունը, մեր մշակույթը, մեր կրթությունը: Մի խոսքով` ամեն ինչ:
Եվ հիմա կրկին ասել, թե եկեք գնանք այդ ուղղությամբ` դեպի եվրոպական կառույցներ, կլինի ուղղակի հերթական քայքայիչ քայլը` ընդդեմ Հայաստանի:
Եթե ուրիշ բան են առաջարկում, ասենք, ասում են` տիեզերքում հայտնաբերվել է մեկ այլ համակարգ, եկեք ԵՏՄ–ից դուրս գանք, նրան անդամագրվենք, պարտավոր են նաև բացատրել, թե այն կոնկրետ ի՞նչ համակարգ է, և կոնկրետ ի՞նչ են առաջարկվում մեզ տվյալ համակարգի մեջ: Կամ եթե ասում են` մենակ զարգանանք, ապա թող բարի լինեն բացատրել, թե` ինչպե՞ս:
Եվ մի բան էլ` եթե ձևակերպում են այսպես` «Մենք դուրս գանք», չեմ հասկանում, թե ո՞ւմ նկատի ունեն: Եթե դուրս են գալու երկրի կառավարող շրջանակը, ասենք` նախագահը, խորհրդարանը և կառավարությունը, ապա նրանք վաղուց դուրս են Հայաստանից: Ուստի, նրանք հիմա ԵՏՄ–ից դուրս են, թե նրա ներսում են, մեզ քիչ է հետաքրքրում:
Մինչդեռ եթե Հայաստանը կենտրոնանա և կարողանա ինքն իրեն դրսևորել, մենք ԵՏՄ–ում կարող ենք լինել տանող ուժ:

–  Մասնագետները փաստում են, որ արդյունավետ չէ մեր անդամակցությունը. խոստացված գումարները չեն լինում, ակնկալիքները չեն իրականանում: Ա՞յս առումով ինչպես վարվենք:

–  Եթե ինչ որ բան չի ստացվել, ես ցանկանում եմ հասկանալ, թե ո՞վ է դրանով զբաղվել: Անունո՛վ, ազգանունո՛վ: Ո՞վ է դիմել և` ի՞նչ հարցով: Ուզում եմ հասկանալ` Սերժ Սարգսյանը Պուտինին ասել է` արի զարգացնենք գիտությունը, և Պուտինն ասել է ո՞չ: Կամ ասել է` եկ միասին զարգացնենք արդյունաբերությունը, Պուտինն ասել է` ո՞չ: Ասելս այն է, որ եթե տվյալ համակարգում մեր գործունեության ընթացքում եղել են սխալներ, դրա՛նք քննարկենք:
 Որովհետև մեզ` Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, ընդհանրապես հետխորհրդային բոլոր երկրներին, նաև աշխարհի ժողովուրդների ճնշող մեծամասնությանը միավորում է մեկ բան` անհապաղ զարգացնել գիտությունը, կրթությունն ու արդյունաբերությունը: Որովհետև սրանց հիմքի վրա են ձևավորվում ազգային ինքնությունները: Իսկ մարդկության ապագան կապված է ազգային ինքնությունների հետ:
Հիմա փոխանակ սրա փնտրտուքը լինի, ինչ–որ մեկը հերթական «առաջարկությունն» է անում` եկե՛ք խփենք, եկե՛ք ջարդենք…:
Լա՛վ, իսկ ի՞նչ եք դրա տեղն առաջարկում: Այդ ո՞ր ուղին է, որ մեզ զարգացման է տանելու:

–  Իսկ կախվածությո՞ւնը: Մեր երկիրն այսօր ամեն ինչով ուղղակի կախման մեջ է Ռուսաստանի Դաշնությունից: Մի բան, որն ուղիղ հարվածում է մեր ինքնիշխանությանը:

–  Ես առաջին անգամ եմ լսում, որ ամեն ինչով կախված ենք Ռուսաստանից: Որովհետև մինչ այս լսել էի, որ Ռուսաստանն ամեն ինչով համարյա կախված է արևմուտքից: Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի կենտրոններն այս պահին գտնվում են արևմուտքում: Վաղը կարող են գտնվել Հայաստանում, Չինաստանում կամ որտեղ ասես: Բայց այս պահին արևմուտքում են: Խնդիրը հետևյալն է` ֆինանսական այս օլիգարխիան հավասարապես ավերել է թե Ռուսաստանը, թե Հայաստանը:
Մեր պետական և քաղաքական համակարգերում մենք չունենք     մարդիկ, որոնք մեզ են ներկայացնում` սպասարկում են մեր երկրի շահերը: Նրանք սպասարկում են այս–կամ այն կենտրոնի շահերը և կատարում են վերջիններիս հանձնարարականները:
Ասում եք կախվածության մեջ ենք Ռուսաստանից: Ես խոսքս կրկնեմ այս անգամ Ռուսաստանի առումով` ռուսներն իրենք չեն գրել իրենց տնտեսական օրենքները, դրանք թելադրվել են արևմուտքից, ինչպես մեզ են թելադրվել: Եվ ռուսներն իրենք իրենց ձեռքով ավերել են իրենց երկիրը: Հիմա դուք ասում եք` նրանք, որ իրենց երկիրն ավերել են, մեզ թելադրում են: Նրանք ո՞վ են, որ մեզ թելադրեն: Նրա՛նց են թելադրում: Շատ անգամ կործանարար ուժերը Հայաստանի դեմ իրենց քայլերն անում են Ռուսաստանի միջոցով: Սա՛ էլ կա:
Այս իմաստով մեր և Ռուսաստանի պետական համակարգերն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում: Ռուսաստանը ևս այնպիսի գաղութ է, ինչպիսին Հայաստանն է: Եվ գաղութն է միջազգային ֆինանսական օլիգարխիայի:
Եվ բոլոր նման կարգի խոսակցությունները մի նպատակ են հետապնդում` արհեստական թշնամություն առաջացնել ժողովուրդների միջև, որպեսզի շարունակեն կողոպտել և Ռուսաստանը, և թե Հայաստանը:
Բայց, այնուամենայնիվ, մի տարբերություն կա. վերջին 3–4 տարիների ընթացքում Ռուսաստանում ձևավորվել է մի փոքր շրջանակ, որը ձգտում է ռուս ժողովրդի էությունից բխող քայլեր կատարել: Սակայն այն դեռևս թույլ է, և քայլերն էլ երերուն են:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan