Սևանի մակարդակը մոտ մեկ ամսվա մեջ իջել է 7 սանտիմետրով

Մեր մի քանի հարցին պատասխանում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը
– Տիկին Զարաֆյան, Սևանա լճից ջրառը մայիսի 10–ից արդեն իրականացվում է: Այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ է կրել լճի մակարդակը:
– Այդ մասին մենք տեղեկանում ենք Հիդրոմետի կայքից: Մեկ–երկու օր առաջ արդեն Սևանի մակարդակը այս մոտ մեկ ամսվա ընթացքում իջել է 7 սանտիմետրով:
– Եվ եթե այսպես շարունակվի, ի՞նչ վիճակի կհասնի: Ինչպիսի՞ն է ձեր կանխատեսումը:
– Կանխատեսում չենք կարող անել մինչև չհասկանանք, թե լրացուցիչ այս ջրառն ինչպես կազդի Սևանի հաշվեկշռի վրա: Իսկ դա պարզ կդառնա տարվա վերջին: Երբ դեկտեմբերի 31–ին կամ հունվարի 1–ին արդեն կհրապարակվի լճի հաշվեկշռի ընդհանուր պատկերը` համեմատելով նախորդ տարվա ցուցանիշի հետ: Այդ ժամանակ արդեն հասկանալի կլինի` հաշվեկշիռը բացասակա՞ն է, թե բացասական չէ:
– Իսկ ձկնատեսակների վրա լրացուցիչ ջրառի այս փաստն ինչպե՞ս կանդրադառնա:
– Ընդհանրապես ջրառն անդրադառնում է ողջ էկոհամակարգի վրա: Եթե էկոհամակարգը սթրեսային վիճակ է ապրում, ապա այն անդրադառնում է բոլոր բաղադրիչների վրա: Բայց հիմնականում ազդեցությունը մեծ է ջրի վրա: Փոխվում է ջրի որակը:
Երբ լճի մակարդակն իջնում է այնքան, որ արդեն բալանսը դառնում է բացասական, սկսվում են այնպիսի պրոցեսներ, որոնք բացասաբար են անդրադառնում ողջ համակարգի վրա: Իսկ ձուկն էլ, բնականաբար, էկոհամակարգի մեկ օղակն է:
– Սևանի այս ջրառը չի՞ անդրադառնա նաև լճի շրջակայքի վրա:
– Ընդհանրապես Սևանի ջրավազանը բավականին բարդ էկոհամակարգ է: Եվ ենթադրություններ կան, որ եթե Սևանա լիճի իրավիճակը վատանա, և նրանում սկսվեն արդեն անդառնալի պրոցեսներ, ապա դա կանդրադառնա և չափազանց բացասաբար կազդի այն աղբյուրների վրա, որոնք ուղղակիորեն կամ անուղակիորեն կապված են Սևանա լճի ջրավազանի հետ:
Իհարկե, չեմ կարող հստակ ասել, թե որոշակի ո՞ր աղբյուրների վրա կազդի, բայց հաստատ այդ ազդեցությունը էական կլինի:
Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ