Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Կարեն Ճշմարիտյան. «Եթե բոլորս ուզում ենք ապագա ունենալ, առաջին հերթին պետք է ՓՄՁ–ները զարգացնենք»


Կարեն Ճշմարիտյանը, ով տարբեր տարիների զբաղեցրել է տարբեր անուններ ունեցող, բայց մոտավորապես նույն՝ էկոնոմիկայի ոլորտի զարգացման համար պատասխանատու գերատեսչության ղեկավարի պաշտոնը, «Փաստի» զբոսաշրջային ոլորտի աճի տեմպերի մասին հարցերին ի պատասխան նշեց, որ ներկայի թվային տվյալներին, հյուրանոցային համալիրների առաջարկին ու պահանջարկին վերաբերող տեղեկությունների այս պահին չի տիրապետում: Այդ իսկ պատճառով դժվարացավ որևէ գնահատական տալ ոլորտի մասին:
«Ընդհանուր դաշտը պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից: Ես սովոր չեմ մարդկանց տպավորություններով կամ մեկ–երկու լսածով գնահատական տալ: Ընդհանուր առմամբ պայմաններ ստեղծվում են, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, բայց ասել կամ գնահատական տալ, թե ինչպիսի գնային քաղաքականություն է վարվում, դա բավարա՞ր է, ոլորտի զարգացման համար, թե՝ ոչ, դժվար է ասել»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:

Նրա կարծիքով ընդհանրապես շուկան ինքն է որոշում, թե ինչպիսի գնային քաղաքականություն պետք է վարել: Եվ սա այն դաշտը չէ, որը մոնոպոլացված կամ կենտրոնացված լինի: Կ. Ճշմարիտյանի համոզմամբ, տվյալ ոլորտում չկա նման բան: Ընդհակառակը: Եվ այդ պատճառով էլ թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի դեպքում գները ձևավորվում են միայն շուկայական հարաբերությունների և մրցակցային պայմաններում:

«Տեսեք ինչքան հյուրանոցներ կան: Եվ ինչքան ուզում են ասեն, թե մրցակցություն չկա, դա չի կարող այդպես լինել: Եվ եթե այս կամ այն հյուրանոցի ղեկավարությունը տեսնում է, որ իր մոտ այցելուների հոսք չկա, եթե իր ծառայությունների մակարդակով, իր դիրքով, իր ունեցած ենթակառուցվածքներով զիջում է մյուս հյուրանոցին, ապա բնականաբար ցածր գին է սահմանում, որպեսզի կարողանա հաճախորդ ունենալ: Ինչ վերաբերում է նույն հնարավորություններ ունեցող հյուրանոցներին, ապա նրանք անընդհատ իրար հետ մրցակցության մեջ են: Ուրիշ կերպ հնարավոր չէ»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
Նրա կարծիքով այս դաշտը ոչ թե պետք է կանոնակարգել, այլ ավելի շատ հնարավորություններ ստեղծել զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք կարողանան ընտրություն անել: Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որ հյուրանոցային համալիրների մենեջմենթն ավելի պրոֆեսիոնալ և ճկուն դառնա: Սա էլ հնարավորություն կտա զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ առաջարկներ ներկայացնել ու զարգացնել ոլորտը:
«Ճիշտ մենեջմենթի դեպքում հյուրանոցները կամ հանգստյան տները կկարողանան շուկայի պահանջներին ճիշտ արձագանքել: Այն հյուրանոցները, որոնք համաշխարհային ցանցի մեջ են ներառված, իրենց մենեջմենթը շատ որակյալ են իրականացնում: Ինչ վերաբերում է միջին սպառողի գրպանին հարմար առաջարկ ձևավորելուն, ապա այդ խնդիրը բավականին ժամանակ է կա և դեռևս ամբողջովին լուծված չէ: Այդ խնդրի լուծման համար հարկավոր է որակյալ մասնագետներ պատրաստել, այսինքն նրանց համար պատշաճ կրթություն կազմակերպել»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:

Նրա կարծիքով այդ խնդիրը բոլոր մասնագետներին է մտահոգում, քանի որ ժամանակակից, որակյալ ու ճկուն գնային քաղաքականություն վարելով միայն հնարավոր կլինի հյուրանոցային բիզնեսը զարգացնել, բայց ոլորտի բոլոր բացթողումներն իրենց օբյեկտիվ պատճառներն ունեն:

Զրույցի վերջում նա առողջություն և հաջողություն մաղթեց բոլորին և հավելեց, որ եթե բոլորս ուզում ենք, որ ընդհանրապես ներդրումներ լինեն, տնտեսությունը զարգանա և ապագա ունենանք, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

«Սա է տնտեսության աշխուժացման բանալին: Եվ եթե ձեռնարկատերը, ով համատարած եկամտի վերաբաշխման աղբյուր է, իր ամսական եկամտով իր փոքրիկ ներդրումը չի կարողանում անել իր երկրի տնտեսության մեջ, ապա պրոբլեմներն ավելանում են: Այս ամենից դուրս գալու միայն մի ձև կա՝ ՓՄՁ–ներին աշխուժացնել: Այսինքն, մենք նախ պետք է սպառող ստեղծենք: Տնտեսությունը մի օրգանիզմ է, իսկ այդ օրգանիզմի նշածս փոքր մասերը հանդիսանում են արյունատար անոթները, բջիջները, մոլեկուլները: Եվ եթե նրանք նորմալ վիճակում լինեն, ապա ամբողջ օրգանիզմը առողջ կլինի»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:

Ու եթե ՓՄՁ–ների զարգացումը համարվում է երկրի տնտեսության առաջին և ամենակարևոր շարժիչ ուժը, ապա երկրորդը ինովացիոն զարգացման հայեցակարգի ընդունումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել տնտեսության զարգացման ողջ գործընթացն առհասարակ, որը հարկավոր է օր առաջ ընդունել, համոզված է Կ. Ճշմարիտյանը:


Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan