Հանդիպում Երդվյալ ազատամարտիկների միության հետ. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Տավուշի մարզում



Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը Բերդում հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը:
Իր հերթին նկատելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանունակության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը հենց բանակին սատարելու և միասնաբար հայրենիքը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունն է, որը և «Ազգ-բանակ» գաղափարի հիմքն է, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում: Համայնքների բնակչության հետ անմիջական զրույցների ընթացքում Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս քննարկել է համայնքների առջև ծառացած առավել կարևոր խնդիրները, ծանոթացել դրանց լուծման առնչությամբ ներկայացված առաջարկներին:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները պաշտպանական քաղաքականության իրագործման և անվտանգության ապահովման տեսանկյունից մշտապես հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են: