Yerevan, 23.January.2018,
--
:
--
,

«Քանդակագործությունը նախանշված է եղել ինձ համար». Մարիամ Հակոբյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի առաջին հյուրը  մեր կերպարվեստի այն եզակի դեմքերից մեկն է, ով ստեղծագործելով ու ներշնչվելով մայր բնության գրկում, ստեղծում է այնպիսի մշակութային արժեքներ, որոնք զարդարում են ոչ միայն Հայաստանի, այլև Լիտվայի, Ավստրիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների բազմաթիվ քաղաքներ: Մարիամ Հակոբյան քանդակագործը ստեղծում է անհանգիստ ու դինամիկ արվեստ, որ, իր իսկ բնորոշմամբ, արդյունքն է ժամանակահատվածի, տարածաշրջանի ու, իհարկե, իր պահանջկոտ ու անհանգիստ խառնվածքի: - Տիկին Հակոբյան, ինչու՞ որոշեցիք հենց քանդակագործ դառնալ, չէ՞ որ ներկայիս հասարակական պատկերացմամբ քանդակագործությունն այնքան էլ կանացի արվեստ չէ: - Քանդակագործությունը նախանշված է եղել ինձ համար: Այն  գրավել է  ինձ որպես մտքերի ու հույզերի արտահայտման ձև, թեև գործեր եմ ստեղծել նաև արվեստի այլ տեսակներում` գրաֆիկա, կարպետ, գեղանկարչություն, խեցեգործություն: Եվ, բացի սա, գիտե՞ք`ոչ մի նշանակություն չունի` կին, թե տղամարդ: Կարևորն այս արվեստի հիմնական պահանջն է` նվիրումը, որ արվեստագետը ստեղծի այնպիսի գործ, որն անտարբեր չթողնի դիտողին, այլ հետաքրքրություն առաջացնի վերլուծելու, ըմբռնելու, մարդու մեջ ներդաշնակ, ջերմ զգացմունքներ արթնացնի և կրթի նրա գեղարվեստական մտածողությունը: Այնպես որ, ոչ մի տարբերություն չեմ տեսնում տղամարդու և կնոջ միջև: Նույնիսկ ավելին կարող եմ ասել` թերևս կինն ավելի զգայուն է, ավելի  նուրբ է զգում: - Հիմնականում բրոնզե քանդակներ եք ստեղծում: Ինչու՞: (Տես՝ նկար 1) - Նախ ասեմ, որ ես ստեղծել եմ գործեր ամենատարբեր նյութերից` քար, մետաղ, կերամիկա… Երբեմն տարբեր նյութեր համադրել եմ մի քանդակի մեջ: Բայց բրոնզե քանդակները գերակշռում են, որովհետև ինձ գրավում է այդ նյութի ներքին ջերմությունը, ինչպես նաև դրա հետ աշխատելու բարդությունը: Բրոնզը թույլ է տալիս, որ ես ամբողջությամբ բացվեմ, արտահայտեմ իմ մտքերը: Ինչ վերաբերում է փոքր չափի բրոնզե քանդակներին, ապա դրանք իրագործման համար մեծ գումարներ ու պատվիրատու չեն պահանջում: Իսկ իրականում ես էությամբ մոնումենտալիստ եմ ու սիրում եմ մեծ գործեր ստեղծել: Պարզապես դրանց համար հատուկ պատվեր է պետք, որ հազվադեպ է լինում, թեպետ ես բազմաթիվ մոնումենտալ քանդակներ ունեմ տեղադրված արտերկրում, ինչպես նաև Հայաստանի մի շարք քաղաքներում: (Տես՝ նկար 2) - Ձեր գործերում շատ եմ նկատել սրացված ֆորմաներ, սուր մասեր:  Ի՞նչ նպատակի են դրանք ծառայում: - Հազվադեպ են նկատում այդ նրբությունը: Այո, այդպիսի սրություններ իմ ֆորմաների մեջ օգտագործում եմ քանդակին հետաքրքրություն հաղորդելու համար: Չէ՞ որ երբ ամբողջ ֆորման կլոր ու «փափուկ է», դժվար է ընկալել քանդակը: Կլոր, սուր, կոնտր ֆորմաները, միմյանց փոխլրացնելով, օգնում են ընկալել քանդակն իր ամբողջության մեջ, արտահայտիչ ու հնչեղ են դարձնում այն: Բայց, այնուամենայնիվ, քանդակն է որոշում իր ձևը, ֆորման: Յուրաքանչյուր արվեստագետ ֆորմաների ընտրության հարցում ունի իր նախընտրությունները, որից էլ բխում է արվեստագետի ձեռագիրը: (Տես՝ նկար 3, 4, 5) - Որո՞նք են սիմվոլիկայի` Ձեր արվեստում գերակշռող տարրերը: (Տես՝ նկար 7, 8) - Օգտագործման իմաստով ամեն ինչ կրկին կախված է թեմայից: Իմ շատ քանդակների վրա կարելի է տեսնել ժամանակի սիմվոլը, խաչը` ոչ միայն իբրև քրիստոնեության, այլ նաև որպես տիեզերքի խորհրդանիշ: Օրինակ, Վիեննայում տեղադրված իմ մոնումենտալ գործերից մեկը` «Հավատքը» (Տես՝ նկար 6), կազմված է երկու հավասար, անջատ մասերից, որ խորհրդանշում են հայրենիքն ու սփյուռքը, որոնց միացնողը հավատքն է`արտահայտված խաչի սիմվոլով: Քանդակներ ստեղծելիս հաճախ եմ օգտագործում նաև հայկական ժայռապատկերների սիմվոլները: Նման սիմվոլիկայով գործերից են «Ժամանակի դարպասներն» ու « Արևի ժամացույցը»: - Մի քանդակ ունեք, որ կոչվում է «Փոխակերպություն»(Տես՝ նկար 9),  այն ասես ձերբազատում լինի կաղապարներից… - Այդ քանդակը խորհրդանշում է մեր ժամանակներին անչափ բնորոշ մի երևույթ`փոխակերպում: Նույն իմաստն է արտահայտում նաև «Վերելք» քանդակը (Տես՝ նկար 10), որում փոխակերպումն արտահայտվում է գույների միջոցով, ընդ որում, ստեղծած գույներից վերև բազմաթիվ այլ գույներ էլ կան: Նմանատիպ միտք կա նաև «Զգեստափոխություն» քանդակում (Տես՝ նկար 11), որ ցույց է տալիս անցում մի վիճակից մեկ այլ վիճակի: - Ունեք մերկ կանանց բազմաթիվ ֆիգուրներ ստեղծած (Տես՝ նկար 12): Էլ ի՞նչ թեմաներով եք նախընտրում ստեղծագործել: - Ինձ հետաքրքրող թեմաները բազմազան են:  Ունեմ գործեր կյանքից վերցրած թեմաներով, գործեր, որ արտահայտում են կնոջ ներաշխարհը, նրա մարմնի պլաստիկան: Այդ քանդակներում արտաքին ֆորմայի մեջ արտահայտվում է կանացի հոգին, որ ոչ ոք ավելի լավ չի կարող զգալ, քան հենց կինը: Ունեմ բազմաթիվ խոհափիլիսոփայական գործեր, որոնց միջոցով փորձում եմ մարդկանց խորհել տալ կյանքի, իրականության, տիեզերքի կառուցվածքի ու տիեզերքում մարդու դերի մասին: - Մի քիչ ավելի մանրամասն չե՞ք ներկայացնի Ձեր  խոհափիլիսոփայական քանդակների դերը: - Գիտե՞ք, կա մի նրբություն. ես վստահ եմ, որ իմ խոհափիլիսոփայական քանդակները ազդում են անգամ այն մարդկանց վրա, ովքեր գուցե չեն հասկանում դրանց իմաստը, բայց գոնե պարզապես դիտում են այդ գործերը: Այն էներգիան, որ ես դնում եմ այդ գործերի մեջ, առնչվում է մարդկանց հոգու մի անկյունում թաքնված լույսի հետ և թողնում է իր ազդեցությունը: Դա այդ պահին, գուցե, այդքան նկատելի չի լինում, և մարդն էլ գլխի չի ընկնում այդ մասին, բայց քիչ-քիչ էներգիան վերափոխում, զարգացնում է դիտողին: Իմ ողջ արվեստն ուղղված է այն նպատակին, որ գտնի մադու հոգու մի հեռու անկյունում թաքնված լույսն ու առնչվի դրա հետ, արթնացնի լույսն ու ստիպի թրթռալ: - Մեր ժամանակներում ինչպե՞ս են գնահատվում արվեստի գործերը Հայաստանում և արտերկրում: - Բոլոր ժամանակներում էլ արվեստը ծառայում է այն նպատակին, որ մարդիկ առնչվեն գեղեցիկի հետ: Ուրիշ բան, որ ժամանակները հիմա  չափազանց բարդ են, և մարդիկ միշտ չէ, որ կարողանում են արվեստի գործեր ձեռք բերել: Այսպես է ողջ աշխարհում. նրանք, ովքեր սիրում ու գնահատում են արվեստը, մեծամասամբ համապատասխան գումար չունեն, և հակառակը, գումար ունեցողների ճնշող մեծամասնությանը արվեստը քիչ է հետաքրքրում:
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan