Yerevan, 17.November.2017,
--
:
--
,

Ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հայրենիքն է


Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյան

–  Բարով եք եկել, սրբազան հայր: Ի՞նչ առիթով եք Հայաստանում:

–  Շնորհակալ եմ: Այս անգամ երկու առիթ կար: Կիլիկիո կաթողիկոսությունը Լեռնային Ղարաբաղի Կիչան գյուղում վերակառուցման մեծ ծրագիր է իրականացնում: Կիլիկիո կաթողիկոսության կողմից վերակառուցվելիք թաղամասը վերամկրտվել է Նոր Կիլիկիա անունով: Շինարարության առաջին փուլն ավարտվել էր 2 տարի առաջ: Այս անգամ ավարտին էր հասցվել 32 տան կառուցում: Դրանց պաշտոնական բացումը և օրհնությունը կատարելու համար Ղարաբաղ էր ժամանել Կիլիկո կաթողիկոսության ներկայացուցիչ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը, մեր կենտրոնական վարչության անդամներից պարոն Տիգրան Ջրբաշյանը: Եվ ես էի: Գնացինք, միասին բացումը կատարեցինք: Իսկ երկրորդ առիթը Շուշիի ազատագրման 25–ամյակի միջոցառումներին մասնակցելն էր:

–  Իրանը թերևս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը գոնե կրոնական տեսակետից խնդիրներ չունի: Պետություն–համայնք այդ փոխադարձ հարգանքը ինչի՞ վրա է կառուցված:

–  Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարավոր տարիներ ապրում է այդ հողի վրա: Նույնիսկ Քրիստոսից առաջ 5–րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300–400 տարիների ընթացքում, երբ կրոնական գործոնը Իրանում ավելի ուժեղացավ, մեր ժողովուրդը պահեց իր կրոնական ինքնուրույնությունը: Եվ պարսիկներն այս երևույթը մեծապես գնահատեցին: Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Սահմանադրության մեջ մեր և մյուս փոքրամասնությունների իրավունքները գրավոր կերպով պաշտպանվեցին: Այսինքն, քրիստոնյաները որպես փոքրամասնություն իրավունք ստացան իրենց կյանքը վարել իրենց եկեղեցական, կրոնական օրենքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաև մեր ժողովուրդը` որպես բնիկ տեղացի, շաղախված է պարսիկ ընկերության և ժողովրդի կյանքի մեջ:

–  Պետության բացակայության պայմաններում եկեղեցին միշտ եղել է հայապահպան, միավորող այն առանցքը, որի շուրջ համայնքը կենտրոնացել է: Այսօր, երբ արդեն կա Հայաստան պետությունը, եկեղեցին շարունակո՞ւմ է իր այդ գործառույթը, ո՞րն է նրա դերն ու նշանակությունը համայնքի համար:

–  Բնականաբար, շարունակում է, որովհետև, ի վերջո, Հայաստանից դուրս գտնվող գաղութներն ունեն իրենց կյանքի ձևը, յուրահատուկ հանգամանքները, կարգավիճակը: Վերջապես հայ համայնքը իրանցի է, իրանահայ է: Տվյալ երկրի պայմաններում ապրելով հանդերձ, նաև իրենց կապվածությունն են պահում իրենց հայրենիքի հետ: Եվ դա, բնականաբար, առավելություն է այն իմաստով, որ ժողովուրդն իրանցի լինելով` նաև կապվում է իր հայրենիքի հետ: Ես երբեմն ասում եմ, որ Իրանը մեր ծննդավայր–հայրենիքն է, իսկ մեր պատմական հայրենիքը Հայաստանն է:

–  Իսկ Իրանում հայկական եկեղեցիներ շա՞տ կան և արդյո՞ք դրանք գործող են:

–  Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում ունեցել ենք ավելի քան 300 եկեղեցի: Բայց շրջանների մի մասը ինչ–ինչ պատճառներով հայաթափված է: Հետևաբար այդ շրջանների եկեղեցիները տարիների ընթացքում բնությունից, առանձնությունից կիսաքանդ–ավերակ վիճակում են հայտնվել: Բայց կան նաև որոշ չափով պատմական եկեղեցիներ, վանքեր, որոնց պահպանումն իրականացնում է կառավարությունը: Ինչպես, օրինակ, Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ձորձորի վանքը: Եթե պետության օժանդակությունը չլինի, մենք չենք կարող պահպանել դրանք, որովհետև յուրաքանչյուրի պահպանումը տարեկան միլիոնավոր գումարների խնդիր է:

Տարբեր քաղաքներում կան նաև գործող եկեղեցիներ: Օրինակ, Թեհրանում ունենք 7 գործող եկեղեցի և 4 մատուռ: Թեհրանի թեմում, որն ընդգրկում է Կազվին, Ռաշտ, Անզալի, Գորգան, Համադան քաղաքները, նույնպես հայկական եկեղեցիներ ունենք: Ժամանակին այդ քաղաքներում մեծաթիվ գաղութ ենք ունեցել: Բայց հիմա դրանք հայաթափված են: Ամեն շրջանում 15–20 ընտանիք է մնացել: Այնտեղ էլ տարին մեկ անգամ ուխտագնացություն ենք կազմակերպում և պատարագ ենք մատուցում: Իսկ Թավրիզում ունենք չորս եկեղեցի, որտեղ պարբերաբար պատարագ է մատուցվում: Սպահանում ունենք 14 եկեղեցի: Դրանցից ամենահայտնիները Սուրբ Ամենափրկչի վանքն ու Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցին են, որտեղ տոնական օրերին պատարագ է մատուցվում, միևնույն ժամանակ հանդիսավոր արարողություններ են կատարվում: Իսկ թեմի առաջնորդանիստը Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ միշտ է պատարագ լինում:

–  Իսկ մարդիկ հաճա՞խ են այցելում եկեղեցի: Կապը եկեղեցու հետ ամո՞ւր է:

–  Իսլամական օվկիանոսում մեր քրիստոնեական ինքնությունը մենք պահպանում ենք: Նաև մեր դպրոցների միջոցով ենք այն պահում: Թեհրանում ունենք 16 դպրոց և 4 մանկապարտեզ: Դրանք, իհարկե, պատկանում են համայնքին, բայց կա ուսուցման պետական ծրագիր, որին հետևում ենք: Թեպետ ունենք նաև մեր` հայկական ծրագրերը, որոնք նույնպես զուգահեռաբար իրականացնում ենք: Բացի այդ, պետությունն ինքն է մեզ ուսուցիչներ տրամադրում:

–  Այսօր Իրանում մեր համայնքը մե՞ծ է: Քանի՞ հայ է ապրում:

–  Իրանում ապրում է մոտավորապես 70000–80000 հայ` գլխավորապես չորս քաղաքներում` Թեհրանում, որտեղ ապրում է գրեթե 60000 հայ, Սպահանում, որտեղ մոտ 5000 հայ կա, Թավրիզում այդ թիվը ավելի քիչ է, իսկ Ուրմիայում` 1200–ի չափ: Իսկ Թեհրանի թեմի մյուս քաղաքներում ապրում են 15–20–ական հայ ընտանիքներ:
Թավրիզի շրջանի հայությունը շատ վաղ ժամանակներից է հաստատվել այնտեղ: Իսկ Թեհրանում, Ռաշտում, Կազվինում, Անզալիում, Գորգանում հայերի մի մասը հաստատվել է ցեղասպանությունից, մյուս մասն էլ` Շահ Աբասի բռնագաղթից հետո:

–  Այսինքն, վերջին տարիներին հոսք դեպի համայնք չկա:

–  Դժբախտաբար, արտահոսք կա: Պատճառը կարծում եմ հետևյալն է: «Հայազ» կոչվող հրեական կազմակերպություն կա: Այն մասնագիտացած է հատկապես հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում դեպի Միացյալ Նահանգներ: Դյուրություններ է տալիս այնտեղ տեղափոխվելու համար: Եվ շատերն օգտվում են այդ առիթից ու հեռանում:

–  Կարծում եք` միտո՞ւմ կա այդտեղ:

–  Այո, համարում եմ, որ միտումնավոր է արվում: Որովհետև մեր գաղութի զավակներից շատ–շատերը, ովքեր հեռացել են, ունեին տուն–տեղ, գործարան կամ համալսարանի դասախոսներ էին: Սա ոչ մի կերպ չի բացատրվում: Բացի միայն` մեկը մյուսի հետևից գնալու սովորությունից: Մենք սիրում ենք տեղափոխվել մի տեղից մյուսը: Իհարկե, մարդկանց շարժն ընդհանուր երևույթ է ամբողջ աշխարհում: Բայց, դժբախտաբար, մեր ժողովուրդը օտարամոլությամբ մի փոքր ավելի է տարվում:

–  Իսկ համայնքի ամենակարևոր խնդիրները որո՞նք են:

–  Մեր առջև դրված հիմնահարցը մեր նոր սերնդին ազգային և կրոնական դաստիարակություն տալն է: Եվ մեր նոր սերնդի գիտակցության մեջ մեր ազգային պահանջատիրական պայքարը, մեր հայրենիքի նկատմամբ նախանձախնդրությունը, հանձնառությունը վառ պահելը: Ի վերջո, ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հողն է, հայրենիքն է: Հետևաբար, որքան հնարավոր է` փորձում ենք նոր սերնդին դաստիարակել այս հասկացողությամբ: Ինքնության պահպանումը նաև լեզվի, հավատի պահպանումով է լինում: Խաչատուր Աբովյանն էր ասում` եթե չլինեն լեզուն և հավատը, մարդը ինչի՞ նման կլինի:

–  Որքան գիտեմ, Իրանում բավականին աշխույժ է համայնքի մշակութային կյանքը: Նաև թերթեր են լույս ընծայվում:

–  Այո, ունենք «Ալիք» օրաթերթը, ունենք «Պայման» պարբերաթերթը, որ պարսկերենով է լույս տեսնում և մեր պարսիկ եղբայրներին ու քույրերին իրանահայության խնդիրներին ծանոթացնելու առաքելություն ունի: Ունենք նաև համացանցային կայքեր: Հրատակչական աշխատանքներն ենք առաջ տանում:

–  Իսկ համայնքն Իրանի քաղաքական, հասարակական կյանքին ի՞նչ մասնակցություն ունի:

–  Քաղաքական կյանքին մասնակցում ենք մեր պատգամավորների միջոցով: Իրանի խորհրդարանում երկու պատգամավոր ունենք: Նաև պետական մարմիններում ունենք հայ պաշտոնյաներ: Որևէ մեկ տեղ հայ պաշտոնյաների ներկայությունը օրհնություն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կգործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցությունը քաղաքական մթնոլորտի ձևավորմանը, ինքնին ձեռքբերում ենք համարում:


Արփի Սահակյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan