Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հայրենիքն է


Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյան

–  Բարով եք եկել, սրբազան հայր: Ի՞նչ առիթով եք Հայաստանում:

–  Շնորհակալ եմ: Այս անգամ երկու առիթ կար: Կիլիկիո կաթողիկոսությունը Լեռնային Ղարաբաղի Կիչան գյուղում վերակառուցման մեծ ծրագիր է իրականացնում: Կիլիկիո կաթողիկոսության կողմից վերակառուցվելիք թաղամասը վերամկրտվել է Նոր Կիլիկիա անունով: Շինարարության առաջին փուլն ավարտվել էր 2 տարի առաջ: Այս անգամ ավարտին էր հասցվել 32 տան կառուցում: Դրանց պաշտոնական բացումը և օրհնությունը կատարելու համար Ղարաբաղ էր ժամանել Կիլիկո կաթողիկոսության ներկայացուցիչ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը, մեր կենտրոնական վարչության անդամներից պարոն Տիգրան Ջրբաշյանը: Եվ ես էի: Գնացինք, միասին բացումը կատարեցինք: Իսկ երկրորդ առիթը Շուշիի ազատագրման 25–ամյակի միջոցառումներին մասնակցելն էր:

–  Իրանը թերևս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը գոնե կրոնական տեսակետից խնդիրներ չունի: Պետություն–համայնք այդ փոխադարձ հարգանքը ինչի՞ վրա է կառուցված:

–  Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարավոր տարիներ ապրում է այդ հողի վրա: Նույնիսկ Քրիստոսից առաջ 5–րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300–400 տարիների ընթացքում, երբ կրոնական գործոնը Իրանում ավելի ուժեղացավ, մեր ժողովուրդը պահեց իր կրոնական ինքնուրույնությունը: Եվ պարսիկներն այս երևույթը մեծապես գնահատեցին: Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Սահմանադրության մեջ մեր և մյուս փոքրամասնությունների իրավունքները գրավոր կերպով պաշտպանվեցին: Այսինքն, քրիստոնյաները որպես փոքրամասնություն իրավունք ստացան իրենց կյանքը վարել իրենց եկեղեցական, կրոնական օրենքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաև մեր ժողովուրդը` որպես բնիկ տեղացի, շաղախված է պարսիկ ընկերության և ժողովրդի կյանքի մեջ:

–  Պետության բացակայության պայմաններում եկեղեցին միշտ եղել է հայապահպան, միավորող այն առանցքը, որի շուրջ համայնքը կենտրոնացել է: Այսօր, երբ արդեն կա Հայաստան պետությունը, եկեղեցին շարունակո՞ւմ է իր այդ գործառույթը, ո՞րն է նրա դերն ու նշանակությունը համայնքի համար:

–  Բնականաբար, շարունակում է, որովհետև, ի վերջո, Հայաստանից դուրս գտնվող գաղութներն ունեն իրենց կյանքի ձևը, յուրահատուկ հանգամանքները, կարգավիճակը: Վերջապես հայ համայնքը իրանցի է, իրանահայ է: Տվյալ երկրի պայմաններում ապրելով հանդերձ, նաև իրենց կապվածությունն են պահում իրենց հայրենիքի հետ: Եվ դա, բնականաբար, առավելություն է այն իմաստով, որ ժողովուրդն իրանցի լինելով` նաև կապվում է իր հայրենիքի հետ: Ես երբեմն ասում եմ, որ Իրանը մեր ծննդավայր–հայրենիքն է, իսկ մեր պատմական հայրենիքը Հայաստանն է:

–  Իսկ Իրանում հայկական եկեղեցիներ շա՞տ կան և արդյո՞ք դրանք գործող են:

–  Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում ունեցել ենք ավելի քան 300 եկեղեցի: Բայց շրջանների մի մասը ինչ–ինչ պատճառներով հայաթափված է: Հետևաբար այդ շրջանների եկեղեցիները տարիների ընթացքում բնությունից, առանձնությունից կիսաքանդ–ավերակ վիճակում են հայտնվել: Բայց կան նաև որոշ չափով պատմական եկեղեցիներ, վանքեր, որոնց պահպանումն իրականացնում է կառավարությունը: Ինչպես, օրինակ, Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ձորձորի վանքը: Եթե պետության օժանդակությունը չլինի, մենք չենք կարող պահպանել դրանք, որովհետև յուրաքանչյուրի պահպանումը տարեկան միլիոնավոր գումարների խնդիր է:

Տարբեր քաղաքներում կան նաև գործող եկեղեցիներ: Օրինակ, Թեհրանում ունենք 7 գործող եկեղեցի և 4 մատուռ: Թեհրանի թեմում, որն ընդգրկում է Կազվին, Ռաշտ, Անզալի, Գորգան, Համադան քաղաքները, նույնպես հայկական եկեղեցիներ ունենք: Ժամանակին այդ քաղաքներում մեծաթիվ գաղութ ենք ունեցել: Բայց հիմա դրանք հայաթափված են: Ամեն շրջանում 15–20 ընտանիք է մնացել: Այնտեղ էլ տարին մեկ անգամ ուխտագնացություն ենք կազմակերպում և պատարագ ենք մատուցում: Իսկ Թավրիզում ունենք չորս եկեղեցի, որտեղ պարբերաբար պատարագ է մատուցվում: Սպահանում ունենք 14 եկեղեցի: Դրանցից ամենահայտնիները Սուրբ Ամենափրկչի վանքն ու Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցին են, որտեղ տոնական օրերին պատարագ է մատուցվում, միևնույն ժամանակ հանդիսավոր արարողություններ են կատարվում: Իսկ թեմի առաջնորդանիստը Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ միշտ է պատարագ լինում:

–  Իսկ մարդիկ հաճա՞խ են այցելում եկեղեցի: Կապը եկեղեցու հետ ամո՞ւր է:

–  Իսլամական օվկիանոսում մեր քրիստոնեական ինքնությունը մենք պահպանում ենք: Նաև մեր դպրոցների միջոցով ենք այն պահում: Թեհրանում ունենք 16 դպրոց և 4 մանկապարտեզ: Դրանք, իհարկե, պատկանում են համայնքին, բայց կա ուսուցման պետական ծրագիր, որին հետևում ենք: Թեպետ ունենք նաև մեր` հայկական ծրագրերը, որոնք նույնպես զուգահեռաբար իրականացնում ենք: Բացի այդ, պետությունն ինքն է մեզ ուսուցիչներ տրամադրում:

–  Այսօր Իրանում մեր համայնքը մե՞ծ է: Քանի՞ հայ է ապրում:

–  Իրանում ապրում է մոտավորապես 70000–80000 հայ` գլխավորապես չորս քաղաքներում` Թեհրանում, որտեղ ապրում է գրեթե 60000 հայ, Սպահանում, որտեղ մոտ 5000 հայ կա, Թավրիզում այդ թիվը ավելի քիչ է, իսկ Ուրմիայում` 1200–ի չափ: Իսկ Թեհրանի թեմի մյուս քաղաքներում ապրում են 15–20–ական հայ ընտանիքներ:
Թավրիզի շրջանի հայությունը շատ վաղ ժամանակներից է հաստատվել այնտեղ: Իսկ Թեհրանում, Ռաշտում, Կազվինում, Անզալիում, Գորգանում հայերի մի մասը հաստատվել է ցեղասպանությունից, մյուս մասն էլ` Շահ Աբասի բռնագաղթից հետո:

–  Այսինքն, վերջին տարիներին հոսք դեպի համայնք չկա:

–  Դժբախտաբար, արտահոսք կա: Պատճառը կարծում եմ հետևյալն է: «Հայազ» կոչվող հրեական կազմակերպություն կա: Այն մասնագիտացած է հատկապես հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում դեպի Միացյալ Նահանգներ: Դյուրություններ է տալիս այնտեղ տեղափոխվելու համար: Եվ շատերն օգտվում են այդ առիթից ու հեռանում:

–  Կարծում եք` միտո՞ւմ կա այդտեղ:

–  Այո, համարում եմ, որ միտումնավոր է արվում: Որովհետև մեր գաղութի զավակներից շատ–շատերը, ովքեր հեռացել են, ունեին տուն–տեղ, գործարան կամ համալսարանի դասախոսներ էին: Սա ոչ մի կերպ չի բացատրվում: Բացի միայն` մեկը մյուսի հետևից գնալու սովորությունից: Մենք սիրում ենք տեղափոխվել մի տեղից մյուսը: Իհարկե, մարդկանց շարժն ընդհանուր երևույթ է ամբողջ աշխարհում: Բայց, դժբախտաբար, մեր ժողովուրդը օտարամոլությամբ մի փոքր ավելի է տարվում:

–  Իսկ համայնքի ամենակարևոր խնդիրները որո՞նք են:

–  Մեր առջև դրված հիմնահարցը մեր նոր սերնդին ազգային և կրոնական դաստիարակություն տալն է: Եվ մեր նոր սերնդի գիտակցության մեջ մեր ազգային պահանջատիրական պայքարը, մեր հայրենիքի նկատմամբ նախանձախնդրությունը, հանձնառությունը վառ պահելը: Ի վերջո, ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հողն է, հայրենիքն է: Հետևաբար, որքան հնարավոր է` փորձում ենք նոր սերնդին դաստիարակել այս հասկացողությամբ: Ինքնության պահպանումը նաև լեզվի, հավատի պահպանումով է լինում: Խաչատուր Աբովյանն էր ասում` եթե չլինեն լեզուն և հավատը, մարդը ինչի՞ նման կլինի:

–  Որքան գիտեմ, Իրանում բավականին աշխույժ է համայնքի մշակութային կյանքը: Նաև թերթեր են լույս ընծայվում:

–  Այո, ունենք «Ալիք» օրաթերթը, ունենք «Պայման» պարբերաթերթը, որ պարսկերենով է լույս տեսնում և մեր պարսիկ եղբայրներին ու քույրերին իրանահայության խնդիրներին ծանոթացնելու առաքելություն ունի: Ունենք նաև համացանցային կայքեր: Հրատակչական աշխատանքներն ենք առաջ տանում:

–  Իսկ համայնքն Իրանի քաղաքական, հասարակական կյանքին ի՞նչ մասնակցություն ունի:

–  Քաղաքական կյանքին մասնակցում ենք մեր պատգամավորների միջոցով: Իրանի խորհրդարանում երկու պատգամավոր ունենք: Նաև պետական մարմիններում ունենք հայ պաշտոնյաներ: Որևէ մեկ տեղ հայ պաշտոնյաների ներկայությունը օրհնություն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կգործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցությունը քաղաքական մթնոլորտի ձևավորմանը, ինքնին ձեռքբերում ենք համարում:


Արփի Սահակյան

loading...
Բրիտանական ընտանիքը տուն Է կառուցել չորս օրում Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 16 մարզիկ Չինացին քաղաքում շրջել Է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել Թուրքիայի նախկին վարչապետին բռնի ուժով դատարան կտանեն Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավոր երեխայի ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել Մանչեսթր Յունայթեդն այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan