Երևան, 23.Մայիս.2017,
--
:
--
,

Վրաստանի իշխանություններին ներքին խողովակներով բազմիցս զգուշացվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անպատիժ չի մնա


Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Օրեր առաջ Վրաստանում հայկական մի խումբ կազմակերպություններ դիմել էին Վրաստանի նախագահին, վարչապետին և Ազգային ժողովին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Դուք տեղյա՞կ եք` ի՞նչ արձագանք է եղել:

– Առայժմ ոչինչ չկա, պետք է սպասել մինչև ապրիլի 24–ը: Բայցևայնպես, կարծում եմ` լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, հատկապես եթե հաշվի առնենք նախորդ տարիների փորձն ու ընդհանրապես այդ հարցի նկատմամբ եղած դիրքորոշումը: Իսկ այդ դիրքորոշման հիմնական պատճառը, իհարկե, թուրքական գործոնն է, թուրք–վրացական հարաբերությունների գոյություն ունեցող բարձր մակարդակը:

– Այս անգամ էլ վրացի շատ պաշտոնյաներ, պատգամավորներ ցեղասպանության չճանաչումը կրկին հիմնավորել են այն հանգամանքով, որ դա կվնասի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Մի՞թե այդ երկրների ազդեցությունը Վրաստանում այնքան մեծ է, որ կարող է ձևավորել քաղաքական օրակարգ:

– Արդեն քանի տարի է` Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ուստի Վրաստանի տնտեսությունը չափազանց զգայուն է այդ հարաբերությունների նկատմամբ: Տեղափոխվենք քաղաքական հարթություն` եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա անարձագանք չի մնա` Անկարան հանդես կգա բավականին խիստ դիրքորոշմամբ, ըստ ամենայնի, կլինեն սպառնալիքներ, պատժամիջոցներ, ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների սառեցում: Քաղաքականին կարող են հաջորդել տնտեսական վնասները: Վրաստանի իշխանություններին ներքին, դիվանագիտական խողովակներով բազմիցս զգուշացվել է, որ Վրաստանի կողմից նման մոտեցումը չի հանդուրժվի:

– Բայց արդյո՞ք Վրաստանի իշխանությունները չեն համարում, որ գոնե հարցի քննարկումը կարող է թուրքական էքսպանսիան փոքր–ինչ զսպել կամ էլ իրենց մանևրելու հնարավորություն ընձեռել:

– Այո, ելնելով իրենց պետական, ազգային շահերից, հաշվի առնելով այդչափ մեծ կախվածությունը հատկապես Թուրքիայից, բնական կլիներ, եթե Վրաստանի իշխանությունները ձգտեին գործադրել եթե ոչ հակաքայլեր, ապա գոնե հավասարակշռող էֆեկտներ: Հատկապես որ այս պառլամենտում կան ուժեր, որոնք թերևս կարող էին այդ հարցը բարձրացնել:
Արդարության համար նշեմ, որ նախկինում վրացի պատգամավորները ցեղասպանության հարցը բարձրացրել են, եղել են քննարկումներ: Բայց գրեթե բոլոր դեպքերում դրանք մեծ դիմադրության են արժանացել ազգությամբ ադրբեջանցի կամ թուրք պատգամավորների կողմից: Նույնիսկ բանը ծեծուջարդի է հասել:
Կցանկանայի կարևորել հայ համայնքի, հայկական կազմակերպությունների դերը: Նրանք պետք է ավելի ակտիվ աշխատեն հատկապես լրատվամիջոցների հետ, պետք է լուրջ աշխատանք տարվի հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք առավել համաչափ հակակշիռներ ստեղծել քաղաքական ու տնտեսական եղած գործոններին:
Նշեմ, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի վրացական լրատվամիջոցներն սկսել են ավելի անկաշկանդ հրապարակել հայկական կազմակերպությունների հայտարարությունները, լուսաբանել դրանք, ինչը նախկինում շատ ավելի պասիվ բնույթ էր կրում:

– Ի՞նչ եք կարծում` այն, որ այսքան տարի մեր հարևան քրիստոնյա երկիրը չի ընդունում ցեղասպանությունը, այստեղ ՀՀ իշխանությունների թերացումը կամ մեղքի բաժինը չկա՞:

– Իհարկե, տարբեր պետություններում ցեղասպանության ճանաչման հարցում գործունեության իր բաժինն ունի Հայաստանի պետությունը` քաղաքական, դիվանագիտական մակարդակներով: Բայց Վրաստանի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Մեզ սահմանակից հարևան են և Վրաստանը, և Թուրքիան: Իսկ մենք վերջինի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունենք: Եվ եթե փորձենք ավելի շատ միջոցներով ազդել Վրաստանի իշխանությունների վրա, հնարավոր է` հակառակ էֆեկտ ստանանք: Գուցե հեռավոր երկրների համար Թուրքիան այդքան ցավալի հակառակորդ կամ թշնամի չդառնա, որքան Վրաստանի համար, որի հետ սահմանակից է: Կարծում եմ` ՀՀ դիվանագիտական կորպուսը դա լավ գիտակցում է և աշխատանքներ է իրականացնում` ելնելով առկա իրողություններից:

– Իսկ ցեղասպանության հարցը ԱԺ–ում կքննարկվի՞: Տեսակետ կա, որ քանի որ այս գումարման ԱԺ–ի հայազգի պատգամավորները իշխանական կուսակցությունից են, այդ հանգամանքը նրանց կկաշկանդի բարձրացնելու ցեղասպանության հարցը:

– Գուցեև այդ հանգամանքը կա, բայց չեմ կարծում, թե նրանց վրա ճնշում է գործադրվում կամ էլ ներքին քաղաքական որոշում կա այդ առնչությամբ: Պարզապես իշխող կուսակցության քաղաքականության համատեքստում այդ հարցը արդիական չէ: Ամեն դեպքում, նրանց մեջ հայ լինելը պետք է ավելի շատ խոսի: Իսկ գուցե մտածում են, որ միևնույն է` լուրջ արդյունք չեն կարող գրանցել, եթե անգամ խորհրդարանում բարձրացնեն այդ հարցը: Ինչ էլ լինի, պետք է հիշեն, որ անգամ փոքր քայլերով կարելի է մեծ արդյունքի հասնել:

Արփի Սահակյան

loading...
Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել Թուրքիայի նախկին վարչապետին բռնի ուժով դատարան կտանեն Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավոր երեխայի ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել Մանչեսթր Յունայթեդն այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին Նոր իրարանցում Մանչեսթրում Արա Բաբլոյանը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և կատարել առաջին գրառումը Բրիտանական ոստիկանությանը հայտնի Է Մանչեսթրի ահաբեկչությունը կատարողի անունը Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan