Երևան, 18.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Իրանում պարսիկ ընթերցողը ժամանակակից հայ գրականության մեծ պահանջ ունի

 

Իրանահայ թարգմանիչ, մշակույթի գործիչ Անդրանիկ Խեչումյանը ծնվել և մեծացել է Թեհրանում: Արդեն 20 տարուց ավելի է` հայ գրականությունը ներկայացնում է պարսիկ ընթերցողին: Այդ տարիների ընթացքում հասցրել է թարգմանել 28 անուն գիրք: Իսկ մի քանի օր առաջ թարգմանական գրականության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար Ա. Խեչումյանին շնորհվեց «Կանթեղ» մրցանակը, որը արդեն 11-րդ տարին է` Գրողների միությունը հանձնում է թարգմանական գործի նվիրյալներին:

 

-Ես թատրոնի ռեժիսոր եմ: Երկար տարիներ զբաղվել եմ թատերական խնդիրներով: Հայկական թատերական շատ խմբեր էի տանում Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ` փառատոնների: Ես հասկացա, որ երկու կողմի թատերական գործիչները չեն ճանաչում միմյանց աշխատանքները: Դրա համար որոշեցի թարգմանել: Առաջին թարգմանություններս պիեսներ էին: Իսկ ամենաառաջինը Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ» պիեսն էր, որը շատ լավ ընդունելության արժանացավ: Նաև որպես ռադիոբեմադրություն հեռարձակվեց: Իսկ վերջին 5-6 տարում նաև գրական վեպեր, վիպակներ ու պատվածքներ եմ թարգմանում:

-Պարսիկ ընթերցողը ծանո՞թ էր հայ գրականությունը:

-Այդ բնագավառում քիչ աշխատանք է կատարվել: Երբ «Կանթեղ» մրցանակն ստացա, մեր պարսիկ ընկերներից մեկը հեռագիր էր ուղարկել, որում ասում էր` ես հայ գրականությունը ճանաչում եմ Ա. Խեչումյանի թարգմանություններով: Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ նման դեր ունենալ: Երբ անցած տարի Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ» գիրքը թարգմանեցի, Թեհրանում շատ մեծ շնորհանդես եղավ: Ընդ որում, ներկաների մեծ մասը պարսիկներ էին: Բոլորը նշում էին, որ առաջին անգամ են նման լուրջ կերպով ծանոթանում ցեղասպանության թեմային:

-Գիտեմ, որ Ձեր թարգմանությամբ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունին» շատ մեծ հաջողություն է ունեցել: Խնդիրը քաղաքական երգիծա՞նքն էր:

-Գիրքը շատ լավ ընդունվեց: Հրատարակվելուց 43 օր հետո երկրորդ անգամ վերատպվեց: Պարսիկների համար հետաքրքիր էր, թե ինչպես կարելի է քաղաքական այդ ողջ մտածելակերպը, համակարգը, քաղաքական գործչի տեսակը բացահայտել ու ներկայացնել երգիծանքի, զավեշտի տեսքով: Այս տարվա ապրիլին հրատարակվեց նաև Օտյանի «Թաղականին կնիկը»: Նաև մտադիր եմ թարգմանել Օտյանի «Ընտանիք, պատիվ, բարոյական»-ը: Վերջերս Հայաստանից ուղարկել էին Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» պիեսային տարբերակը: Բայց պիեսը դուրս չեկավ: Դրա համար էլ վիպակը թարգմանեցի: Արդեն հրատարակչի մոտ է: Խոստացել են, որ առաջիկա մի քանի ամիսում լույս կտեսնի:

-Ընդհանրապես համարվում է, որ Օտյանին, Պարոնյանին շատ դժվար է թարգմանել` հատկապես լեզվական խնդիրներից ելնելով: Այս առումով դժվարություններ եղե՞լ են:

-Վերջերս մի հոդված կարդացի «Ընկեր Փանջունու» մասին: Հեղինակը, որին չեմ ճանաչում, գրել էր` շատ շնորհակալ ենք Ա. Խեչումյանից, որ այսքան լավ է թարգմանել: Իհարկե, դժվար էր, բայց թող մեծամտություն չթվա` ես պարսկերենին շատ լավ եմ տիրապետում, դրա համար էլ հաջողում եմ: Թարգմանելիս միշտ հիշում եմ, որ ընթերցողս պարսիկ է, ուստի այնպես պետք է անեմ, որ թեման նրան հասկանալի լինի: Ես բառացի չեմ թարգմանում, հազվադեպ եմ դիմում նաև բառարանի օգնությանը: Ինձ համար կարևորն այն է, որ պարսիկ ընթերցողը ճիշտ ընկալի գրվածը:

-Քանի որ Իրանը «փակ» երկիր է, այնտեղ կա՞ գրաքննություն ասածը: Եվ արդյո՞ք այդ «փակ» լինելը չէ խնդիրը, որ Օտյանի ու Պարոնյանի քաղաքական երգիծանքը պահանջարկ ունեն:

-Դա այդքան էլ այդպես չէ: Բայց, ուզենք, թե չուզենք, ամեն երկիր իր օրենքներն ունի: Եվ դրանք պետք է հարգել: Թարգմանելիս որոշ բաներ անտեսում ենք: Ես չէի ցանկանա այդ մասին շատ խոսել: Մենք սովորել ենք և գիտենք, թե ինչ պետք է լինի, ինչ չպետք է լինի: Միևնույն ժամանակ, երբ Հայաստանում հրատարակված գրքեր եմ կարդում, հաճախ մտածում եմ` ինչ լավ կլիներ, եթե գրաքննություն լիներ: Հայաստանից ինձ մի պիես էին ուղարկել: Խնդրում էին թարգմանել: Հեղինակը, որի անունը չեմ հիշում, 75-76 տարեկան է: Այնպիսի թեմայի էր անդրադարձել, որ ամաչում էի կարդալ: Ես շատ եմ ուզում այդ գրողին հանդիպել, որ ասեմ` այ մարդ, էս տարիքի մարդ ես, էս ի՞նչ ես գրել: Բարեբախտաբար, Պարսկաստանում նման բաները հաշվի առնվում են:

-Դուք ինքնե՞րդ եք որոշում` որ հեղինակին թարգմանել, թե պատվերներով եք աշխատում:

-Պատվերով ընդհանրապես չեմ աշխատում: Առաջարկներ շատ են լինում: Բայց նախ ես ինքս պետք է հավանեմ գրվածքը, որ հետո էլ թարգմանեմ: Անցյալ տարի մի գիրք հրատարակեցի: Հայ 12 դրամատուրգների պիեսներն էին` 848 էջանոց անթոլոգիա էր: Վերջերս մեծ շնորհանդես եղավ: Ներկա էր նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Ու հիմա իրանցի ռեժիսորները ցանկություն են հայտնել դրանցից մի քանիսը բեմադրել: Խոսքը նաև Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձևով» պիեսի մասին է: Շատ լավ արձագանք են գտնում Գուրգեն Խանջյանի պիեսները: Վերջերս նրա «Դատավարությունը» մեծ ընդունելության արժանացավ:

Իսկ ընդհանրապես թարգմանել եմ Կարինե Խոդիկյանի, Սամվել Կոսյանի, Սամվել Խալաթյանի, Նորայր Ադալյանի, Պերճ Զեյթունցյանի գործերը:

Վերջերս լույս տեսավ Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները»: Թարգմանել եմ նաև Շիրվանզադեի «Քաոսը», որ խոստացել են մինչև մարտ հրատարակել:

-Փաստորեն, հայ գրականությունը մեծ պահանջարկ ունի:

-Այո, իհարկե: Պարսիկները կարդացող ժողովուրդ են: Վերջերս իմ պարսիկ ընկերներից մեկն ասաց` Անդրանիկը ոչ միայն փորձում է մեզ ծանոթացնել հայ գրականության հետ, այլև ճանապարհ է բացում նոր սերնդի թարգմանիչների համար:

-Ըստ Ձեզ, պարսիկ ընթերցողին ի՞նչն է գրավում հայ գրականության մեջ: Ուղղակի նորություն կամ էկզոտիկա՞ է:

-Մինչև հրատարակվելը «Ընկեր Փանջունին» տվեցի մի շատ հայտնի պարսիկ գրողի` կարդալու: Գրքի սկզբում Օտյանի մասին ոչինչ չէի գրել: Մեր նախկին նախագահ Ահմադինեժադի կառավարման տարիներն էին: Ընկերս գիրքը կարդացել ու գիշերը զանգել էր` Անդրանիկ, էս Երվանդ Օտյանը Պարսկաստանում եղե՞լ է: Ասում եմ` չէ, նա 80 տարի առաջ մահացել է: Ասում է` ես էլ մտածեցի Պարսկաստանում է եղել ու մեր մասին է գրել: Ես այնպիսի գրականություն եմ ընտրում, որտեղ բարձրաձայնվում են վերազգային խնդիրներ, նաև` խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ժողովուրդների համար: Օրինակ, թարգմանել եմ ցեղասպանության մասին Զեյթունցյանի երկու պիեսները` «Ոտքի, դատարանն է գալիս» և «Մեծ լռություն»: Դժբախտաբար, մինչև հիմա հրատարակելու թույլտվություն չեմ ստացել: Որովհետև դա նաև քաղաքական խնդիր է: Իրանը պաշտոնապես դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվ թուրքերի հետ հարաբերության խնդիր կա:

Այս պահին թարգմանում եմ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի գիրքը` «1915. հայոց ցեղասպանություն»: Հուսով եմ` լավ կընդունվի: Առաջիկայում մտադիր եմ թարգմանել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Նրա «Ռեզինդենտը» վեպը շատ մեծ ընդունելություն է գտել Իրանում: Արդեն երրորդ անգամ է հրատարակվել: Իսկ ընկերներիցս մեկը, պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին մտադիր է այդ գրքի հիման վրա բազմասերիանոց ֆիլմ նկարահանել: Դա եղավ պատճառ, որ ծանոթացա գրող Աշոտ Աղաբաբյանի հետ: Իսկ «Մենակը» վեպն ինձ շատ հետաքրքեց: Վստահ եմ, որ այն պարսիկ ընթերցողին կհետաքրքրի նույնքան, որքան Աղաբաբյանի «Ռեզիդենտը»:

 

Արփի Սահակյան

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan