Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Պատերազմում փայլուն կերպով հաղթած Հայաստանը և Արցախը պարտվում են դիվանագիտական պատերազմում

 

«Ահա թե ինչ արժեցավ Նովրուզից ու Զատիկից առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի կոչին այդ կերպ արձագանքելը» վերտառությամբ մեր նախորդ հրապարակման մեջ (http://www.nyut.am/?p=111180&l=am) արդեն մասնակիորեն անդրադարձել ենք Նովրուզին և Զատիկին հրադադար պահպանելու վերաբերյալ Անջեյ Կասպրշիկի կոչին, ապա նաև Զատիկի տոնական օրերին Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելուն ՀՀ պաշտպանության նախարարության անընդունելի, թերի արձագանքին, ինչպես նաև նույնի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ի անգործությանը:

ԵԱԿՀ-ի կայքէջը ս.թ. մարտի 18-ին տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իր մանդատի շրջանակներում մարտի 17-ին մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում։

«Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները,- նշված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ:- Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը և որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից:

Զատկի և Նովրուզ բայրամի մոտալուտ տոներին ընդառաջ՝ կողմերին կոչ եմ անում խստորեն հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին համաձայնագրին և խուսափել որևէ գործողությունից շփման գծում կամ սահմանին, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»:

Ավելին. մարտի 21-ին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահները վերահաստատելով հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում, հանդես եկան հայտարարությամբ, որում նշված է.

«Խաղաղության գործընթացում առաջընթաց գրանցելու համար կարևոր է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները` հանուն բռնությունից խուսափելու, մասնավորապես այն բռնությունից, որն անդրադառնում է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բնակվող քաղաքացիական բնակչության վրա: Այս առնչությամբ մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությանը, որով կոչ էր արվում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը Նովրուզի տոնակատարության և Սուրբ Զատկի ժամանակ»:

Իսկ ինչպես արձագանքեցին մերոնք Անջեյ Կասպրշիկի վերոնշյալ հայտարարությանը: Նախ ընդգծենք, որ այս հայտարարությանն առաջին հերթին պետք է արձագանքեր ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՊՆ մամուլի քարտուղարը, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը, սակայն, լռեց: Նույն օրն ևեթ, ինչպես նաև հաջորդ օրը` մարտի 19-ին, հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներում հայտնվեցին այս և նման բովանդակությամբ արձագանքներ.

«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական զինված ուժերը ևս դրական կարձագանքեն այդ կոչին»:

Անհասկանալի մնաց մի բան` սա «Ֆեյսբուք»-ում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությո՞ւնն է, ինչպես ներկայացրել էին որոշ ԶԼՄ-ներ, թե ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը, ինչպես ներկայացրել էին այլ ԶԼՄ-ներ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ևս արձագանքել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի կոչին. «ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը»: ԼՂՀ ՊՆ մարտի 19-ի մամուլի հաղորդագրությունում նշված է նաև. «ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում»:

Խստորեն հրադադար պահպանելուն ՀՀ զինված ուժերի պատրաստ լինելու վերաբերյալ վերոնշյալ հայտարարության, Անջեյ Կասպրշիկի կոչին այս կերպ արձագանքելու, զինված դիմակայության ամբողջ ընթացքում վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր մշտապես իրականացնելու, իր որդեգրած այդ դիրքորոշմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում հավատարիմ մնալու պատրաստակամության մասին հայտարարելու հտևանքները մեկ շաբաթից տեսանք: Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում 24 ժամից ավելի ինտենսիվորեն կիրառվեցին ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Գնդակոծվեցին նաև նաև բնակավայրեր, թշնամին կրակեց նաև քաղաքացիական անձանց ուղղությամբ, մասնավորապես` մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Զուտ բարեբախտություն էր, ինչպես նաև մեր բժիշկների ջանքերի արդյունքը, որ հրազենային լուրջ վիրավորում ստացած Նորիկ Ալիխանյանը չզոհվեց:

Արցախում ևս քաղաքացիական անձ է վիրավորվել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, «Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը»: Վերջինս զբաղված է եղել գյուղատնտեսական աշխատանքներով:

Նախարարության հրապարակած մեկ այլ տեղեկատվության համաձայն, միայն մարտի 25-ին և լույս 26-ի գիշերվա ընթացքում «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ)»:

ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշված է նաև. «Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն»: Ակնկալվող այդ պատրաստակամությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ չկար, և թշնամու կողմից այդպես էլ չեղավ ակնկալվող պատրաստակամությունն արտահայտող հայտարարություն, սակայն հայկական կողմը, այնուհանդերձ, որոշեց Նովրուզին (մարտի 21-ին) պահպանել հրադադարը: ՀՀ պաշտպանության նախարարությունը Կասպրշիկի կոչին Ադրբեջանի պաշտպանության նախարարության դրական արձագանքը («Մենք դրական ենք ընդունում պարոն Կասպրշիկի առաջարկը») համարեց բավարար, այսինքն` իր առաջադրած պայմանի կատարում, և, ինչպես արդեն համոզվեցինք, չարաչար սխալվեց: Ինչպե՞ս կարելի էր հավատալ իր խոստումները, հանձնառությունները բազմիցս խախտած թշնամուն, որի տված դասերից ՀՀ-ի և ԼՂՀ-ի ղեկավարները, պատկան մարմիններն այդպես էլ դաս չեն առնում:

Եթե Հայաստանի և միջազգային հանրության առջև կատարվածի պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, ապա հայ հասարակության համար մեր վիրավորների, ստացած բարոյահոգեբանական ու նյութական վնասների պատասխանատվությունն ընկնում է նաև հայկական զույգ պետությունների պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների վրա, որոնցից առաջիններն ինչպես Կասպրշիկի կոչից, այնպես էլ ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի միանգամայն սպասելի հարձակումներից հետո հանդես չեկան պատշաճ հայտարարություններով, իսկ երկրորդներն ընդհանրապես լռեցին: Այն տպավորությունն է, թե պատերազմում հաղթած կողմն Ադրբեջանն է, իսկ պարտվածը` հայկական կողմը, որը դիվանագիտական ու քարոզչական ճակատներում իր ներկայիս խղճուկ, թույլիկ, կրավորական կեցվածքով ուղղակի փորձում է անհաջող պաշտպանվել: Ուղղակի խայտառակություն է, մեղմ ասած…

Կասպրշիկի հայտարարությունից առաջ ուղիղ մեկ օր առաջ` մարտի 17-ին, ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր զինծառայող Արտյոմ Արսենի Վարդերեսյանը, հետևաբար հարկ է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՊՆ մամուլի քարտուղարը Անջեյ Կասպրշիկի հայտարարության կապակցությամբ իր արձագանքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին նախ տեղեկացներ կամ հիշեցներ այս դեպքի մասին: Սակայն հիշյալ նախարարության կամ ՊՆ-ի հայտարարությունը միայն այս առումով չէ, որ թերի է: Դրա վերջում պետք է նաև հստակ նշված լիներ, որ Նովրուզին ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարը պահպանելուց հետո Ադրբեջանի կողմից Քրիստոսի հարության տոնին հրադադարը չպահպանելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առջև իր հանձնառությունը չկատարելու պարագայում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն անհամարժեք հարված կհասցնեն Ադրբեջանին: Բացի այդ, հիշյալ հայտարարության մեջ պետք է շատ հստակ նշված լիներ նաև, որ այդ պարագայում ՀՀ ՊՆ-ն այդուհետ ի սկզբանե մերժելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և, ընդհանրապես, բոլոր միջնորդների նմանաբնույթ կոչերը, և թշնամու հետ խոսելու է միմիայն իրեն հասկանալի լեզվով: Այս ամենը չկա, իսկ ի՞նչ կա գոնե հիմա, երբ Ադրբեջանի կողմից Զատիկին հրադադարի լկտի խախտումը կատարված փաստ է արդեն:

«ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների»,- նշված է մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշված է նույն օրը ԼՂՀ ՊՆ հրապարակած տեղեկատվության մեջ:

Ինչպես ակնհայտ է, երկուսն էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերին, Մինսկի խմբի համանախագահներին և, ընդհանրապես, միջազգային հանրությանը չհասցեագրված, ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության հետ որևէ կապ չունեցող, նախկինում տարբեր առիթներով բազմիցս հրապարակված և անարդյունք հայտարարությունների կրկնություններ են, որոնք այս դեպքում ևս, համոզված ենք, չեն զսպելու, չեն զգաստացնելու Ադրբեջանին` ապագայում ևս նույն կերպ չվարվելու համար:

Մեր Զատիկի տոնը Ադրբեջանը կարող էր և սգով հարամել (կրկնում ենք` զուտ բարեբախտություն է, որ զոհ կամ զոհեր չունենք), իսկ այս ամենից հետո ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ասել է` «Հայկական բանակի գործողությունները եղել են համաչափ, պատասխան է տրվել բոլոր թիրախային կրակոցներին»: Հարգելի պարոն Հովհաննիսյան, համաչափ չպետք է լինեին, քանի՞ անգամ պետք է տեսնեք համաչափի արդյունքը ու դասեր չառնեք: Բավակա՞ն չէ… Թե՞ վախենում եք, որ եթե արդյունքը համաչափ չլինի, Եվրոպան և Ամերիկան մատ թափ կտան ձեր կամ Հայաստանի վրա…

Այս առումով մեր ուշադրությունից չվրիպեց նաև կատարվածին ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների արձագանքը, ներեցեք, արձագանքի խայտառակ բացակայությունը: Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպման մասին է, մարտի 26-ին ընդհանրապես որևէ հաղորդագրությամբ հանդես չի եկել, իսկ 27-ի միակ հաղորդագրությունը վերաբերվում է Տոկիոյում Հայկական մշակույթի շաբաթին: Նախարարության պաշտոնական կայքում դրանից հետո, մարտի 29-ի ժամը 16:23-ի դրությամբ, որևէ հաղորդագրություն հրապարակված չէ: Նույնն է նաև կայքի լրահոս բաժնում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կայքում ոչ միայն որևէ արձագանք չկա կատարվածի առնչությամբ, այլև խայտառակ վիճակ է ընդհանրապես: Կայքի «Նորություններ» բաժնում հրապարակված վերջին լուրը (ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հունգարիայից ժամանած ուսանողներին)` թվագրված ս. թ. մարտի 25-ով, վերոնշյալի հետ որևէ կապ չունի, «Հայտարարություններ և հաղորդագրություններ» բաժնում վերջին լուրը հրապարակվել է 2013 թ. հունիսի 19-ին, իսկ «ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն» բաժնում արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը` 2013թ. օգոստոսի 30-ին: Փաստորեն ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ղեկավարած այդ նախարարությունում ոմանք անաշխատ եկամուտ են ձեռք բերում, այսինքն` ոչինչ կամ գրեթե ոչինչ չանելով, հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, իսկ նախարարն էլ իր ղեկավարած մարմնի պաշտոնական կայքը չի վերահսկում, դրան չի հետևում, մատնել է բարձիթողի վիճակի:

 

Արթուր Հովհաննիսյան






loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan